Հայ հեղափոխական դաշնակցության կազմակերպած հանրահավաքը կլինի նույն տեղում, նույն ժամին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Թաթուլ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանն արգելել է Հայ հեղափոխական դաշնակցության՝ հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ կայանալիք հանրահավաքը՝ պատճառաբանելով, որ նույն օրը, նույն ժամին այդ տարածքում անցկացվելու է մեկ այլ զանգվածային միջոցառում:
Թաթուլ Հարությունյանը, պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին` արդյոք որեւէ ենթատեքստ չի տեսնում արգելքի մեջ, ասաց. «Միտում չենք փորձում տեսնել։ Մեր նպատակը հանրահավաքն է եւ ոչ թե քաղաքապետարանի հետ հարաբերություններ պարզելը»:
Թաթուլ Հարությունյանը նաեւ համոզված է, որ հանրահավաքի արգելքը պարզապես քաղաքապետարանի որոշ բաժինների աշխատանքի թերացումն է։ Ըստ ԳՄ անդամի՝ ՀՅԴ-ն, չթույլատրված հանրահավաք անցկացնելով, օրենքի խախտում չի կատարի, քանի որ քաղաքապետարանն ինքն է արդեն խախտել օրենքը։



















