Էլեկտրոնիկայի չինական արտադրող Xiaomi-ն շարունակում է սմարթֆոնների կոնստրուկցիաների փորձարկումները. ընկերության ինժեներները ստեղծել են սելֆի տեսախցիկ, որը պտտվում է սարքի պատյանի ներսում: Արտասովոր համակարգով արտոնագիրը հայտնվել է ՉԺՀ Մտավոր սեփականության հարցերով պետական ​​վարչության (CNIPA) պաշտոնական պորտալում:

LetsGoDigital-ի համաձայն՝ Xiaomi-ի մասնագետները նախագծել են տեսախցիկների անսովոր համակարգով սմարթֆոն: Արտոնագրային պատկերներից դատելով՝ առջեւի տեսախցիկը հնարավոր է թաքցնել սարքի վերին հատվածում: Դրա համար օգտագործվում է ոչ թե շարժական մոդուլ, ինչպես որոշ սմարթֆոններում, այլ պտտվող մեխանիզմ` կիսաշրջանի տեսքով: Պետք է խոստովանել, որ նման լուծումը բավականին ոճային է:

Պտտվող կիսաշրջանի վրա, բացի սելֆիի տեսախցիկի օբյեկտիվից, տեսանելի է եւս մեկ բաղադրիչ՝ կամ լրացուցիչ ֆոտոմոդուլ, կամ լուսադիոդային ֆլեշ: Հայտնի չեն տվյալները, թե կոնկրետ ինչպես է աշխատում Xiaomi-ի առջեւի նորարարական տեսախցիկը: Դրանք կհայտնվեն, եթե անսովոր սմարթֆոնը հասնի արտադրության փուլին: Նշենք, որ արտոնագրերում նկարագրված ոչ բոլոր սարքավորումներն են հասնում այդ փուլին:

Արտոնագրի մնացած մասը նկարագրում է բավականին ստանդարտ ժամանակակից սմարթֆոն: Բարակ շրջանակներ, էկրան առջեւի գրեթե ողջ մակերեսով, բազմամոդուլային հիմնական տեսախցիկ: Վերջինս բաղկացած է երեք բաղադրիչներից՝ հիմնական ոսպնյակ եւ դրա կողքերին գտնվող երկու փոքր տարրեր: Ստորին եզրին տեղադրված է USB Type-C միակցիչ: