Homo ցեղի զարգացմանը նպաստել են Աֆրիկայում ջերմաստիճանի բարձրացման եւ անկման ժամանակահատվածները, որոնք գիտնականները անվանում են «կլիմայական ճոճանակ»: Հետազոտողների միջազգային խմբի կողմից այդ թեմայով հոդվածը հայտնվել է PNAS թերթում:
Ընդունված է համարել, որ գլոբալ ցրտելը, որի տիրապետության տակ երկիրը հայտնվել է մոտ մեկ միլիոն տարի առաջ, ստիպել է մեր նախնիներին իջնել ծառերից եւ ուղիղ քայլել: Սակայն նոր հետազոտության հեղինակները վստահ են, որ հարցը ցրտելը չէ, այլ այսպես կոչված «կլիմայական ճոճանակը»:
Գիտնականները միավորել են կլիմայի տասնմեկ արխիվներ, որոնք ընդգրկում են Աֆրիկայի վերջին 620 000 տարիները, որպեսզի հասկանան, թե ինչպիսին է եղել մայրցամաքի կլիման հին ժամանակներում: Արդյունքում գիտնականները հայտնաբերել են կլիմայական տատանումների նշաններ՝ խոսքը Խաղաղ օվկիանոսում Լա Նինյա եւ Էլ Նինյո ցիկլեր հիշեցնող ինչ-որ բանի մասին է:
«Աֆրիկայի խոնավ եւ չոր շրջանները յուրաքանչյուր 100 000 տարին մեկ տեղաշարժվել են մայրցամաքի արեւելյան եւ արեւմտյան մասերի միջեւ, եւ այդ տեղաշարժերն ուղեկցվել են շրջակա աշխարհի էական փոփոխություններով: Ինքնըստինքյան հասկանալի է, որ այդ տատանումները էական ազդեցություն են ունեցել մեր հեռավոր նախնիների վրա՝ ստիպելով նրանց ավելի ակտիվ զարգանալ»,- ասում են աշխատանքի հեղինակները՝ հավելելով, որ «կլիմայական ճոճանակը» կապված է Ուոքերի շրջանառության հետ (արեւադարձային գոտում մթնոլորտային հոսքերի շրջանառությունը նկարագրող մոդել):





























