Ֆլորիդայում (ԱՄՆ) գենետիկորեն ձեւափոխված չկծող մոծակներն են բաց թողնվել բնական էկոհամակարգեր, որոնք պետք է «զենք» դառնան սովորական վայրի մոծակների դեմ: Նոր ԳՄ տեսակները դուրս կմղեն իրենց վտանգավոր ցեղակիցներին, գրել է ՌԻԱ Նովոստի-ն:

2009 թվականին Ֆլորիդա-Քիս կղզեխմբում գտնվող Քի Վեսթում արձանագրվել է դենգե տենդի մոտ հարյուր դեպք: Համարվում է, որ որ վարակը կղզիներ են բերել զբոսաշրջիկները, այնուհետեւ այն տարածել են դեղին տենդով Aedes aegypti մոծակները, որոնք կազմում են տեղի մոծակների պոպուլյացիայի 4 տոկոսը:

Դենգե տենդը դեռեւս արդիական խնդիր է կղզիների համար, ուստի տեղական իշխանությունները մտածել են գենետիկորեն ձեւափոխված մոծակներ ստեղծելու մասին, որոնք կվերացնեն վարակը տարածող իրենց վայրի ցեղակիցներին: Փորձարկման համար միջատներին տրամադրել է բրիտանական Oxitec ընկերությունը, որն արդեն իսկ նմանատիպ նախագծեր է իրականացրել այլ երկրներում:

Aedes aegypti-ի գենետիկորեն ձեւափոխված արուները պետք է զույգավորվեն վայրի էգերի հետ, որոնց սերունդը արդեն զրկված կլինի բազմանալու հնարավորությունից: Մոծակների համար մահացու մուտացիան, որն ընկած է ինքնաոչնչացման այս մեխանիզմի հիմքում, ստացվել է միջատների գամմա ճառագայթման արդյունքում: