Հայ-թուրքական հարաբերություններում որեւէ փոփոխություն չկա, իսկ բոլոր խոսակցությունները բլեֆ են: ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն այսօր «Իրավունք դե ֆակտո» ակումբում հայտարարել է, թե դեռեւս 90-ականներին, երբ ինքն աշատում էր ՄԱԿ-ում, ապա եւ որպես արտգոծնախարար, Հայաստանի տեսակետը եղել է, որ հարաբերությունները պետք է հաստատվե առանց նախապայմանների:
«Այդ մասին հիմա էլ է խոսվում, բայց, ըստ իս, վերջին տասը տարիների ընթացքում եղել են նախապայմաններ, շատ դեպքերում իրար հակասող, անընդունելի: Դա մեծ բլեֆ է: Հայ-թուրքական հարաբերությունների որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, ուղղակի այդ պահին թուրքիայի իշխանություններին ձեռնտու էր ստեղծել պատրանք, որ կա դիալոգ, երկուստեք կա խաղաղ կարգավորման պատրաստակամություն, եւ դրանով Թուրքիան իր առջեւ դրած խնդիրը լուծեց»,- նշեց Արզումանյանը եւ հավելեց, որ Սերժ Սարգսյանն էլ գնաց դրան իր ոչ լեգիտիմության պատճառով. «Հայ-թուրքական հարաբերությունները զրո են, եւ շարունակելու են մնալ զրո, քանի դեռ երկու կողմերում նախապայմաններով են խոսում»: Դիտարկմանը, թե միջազգային կառույցները փորձում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը փոխկապակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ, նախկին արտգործնախարարը պատասխանեց. «Եթե դա անդրադառնա ԼՂ հարցի վրա, դա կլինի հայ դիվանագիտական ամենամեծ կորուստներից մեկը: Դա են փորձում այսօր փաթաթել Հայաստանի վզին: Եւ պատճառն այն է, որ Հայաստանի իշխանություններն այնքան թույլ են եւ ոչ լեգիտիմ, որ պատրաստ են գնալ ցանկացած քայլի»:
NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ԼՂ հարցում վերջին զարգացումները՝ նախկին արտգործնախարարը մտահոգիչ որակեց այդ զարգացումները: «Ես մտահոգված եմ, մանավանդ վերջին օրերին լրատվական ողջ դաշտը հեղեղված է տարբեր հայտարարություններով, որոնք որեւէ արձագանք չեն ստացել իշխանությունների կողմից: Իսկ ԼՂՀ-ն իրեն այնպես է պահում, կարծես ուրիշի մասին են խոսում»,- ազդարարեց Արզումանյանը: Նա նաեւ մտահոգիչ է համարում, որ համանախագահները չայցելեցին Լեռնային Ղարաբաղ: «Վերջին 15 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, որ համանախագահների համար վեց ամսվա ընթացքում երեք անգամ եղանակը բարենպաստ չէր: Տարօրինակ զուգադիպություն է»,- ասաց Արզումանյանը: Վերջինս նաեւ կարծիք հայտնեց, թե Հայաստանը դուրս է մնացել բանակցային գործընթացից. «ՀՀ-ի տեսակետների հետ որեւէ մեկը հաշվի չի նստում: Դա անընդունելի է ՀՀ-ի համար»:



















