«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 20-ին, ժամը 12-ին՝ Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում:

Փաշինյանի գործը քննելու է «7-ի գործով» հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որն էլ հոկտեմբերի 12-ին որոշում է կայացրել «քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով եւ 316 հոդվածի 1-ին մասով, դատական քննության նշանակելու մասին»:

Ի դեպ, Փաշինյանի դատաքննությունը կայանալու է ոչ թե Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի շենքում, այլ Շենգավիթի դատարանի, որտեղ ապակեպատ եւ անձայնաթափանց սրահ կա:

Մարտիրոսյանը նաեւ որոշում է կայացրել Փաշինյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ: