Բոլոր սոցիալական ցանցերից միայն TikTok-ն է պատրաստ կատարել Հնդկաստանի նոր կանոնները, սակայն Հնդկաստանն ինքը մտադիր չէ վերացնել հավելվածի օգտագործման արգելքը:
Hindustan Times-ը գրում է, որ երկրի կառավարությունը ընդունել է նոր կանոններ, որոնք վերաբերում են այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Twitter-ը, WhatsApp-ը եւ Facebook-ը՝ «կարգավորել բովանդակությունը, նշանակել պաշտոնատար անձանց, որոնք պետք է պատասխանատվություն կրեն պահանջները կատարելու եւ այնպիսի գործառույթներ ներդնելու համար, ինչպիսիք են հաղորդագրություններին հետեւելը եւ օգտագործողների կամավոր ստուգումը»:
Նորամուծությունների հետ կապված՝ մի շարք ընկերություններ արդեն դիմել են դատարան: Twitter-ը մտահոգություն է հայտնել կանոնների վերաբերյալ: WhatsApp-ը դատի է տվել երկրի Էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, իսկ Facebook-ը երեքշաբթի հայտարարել է, որ կան «մի քանի հարցեր, որոնք ավելի շատ փոխգործակցություն են պահանջում կառավարության հետ»՝ դառնալով յոթերորդ կողմը, որը փորձում է վիճարկել կանոնները դատարանում:
Միեւնույն ժամանակ, կարճ տեսանյութերի հոսքային փոխանակման TikTok հավելվածը Հնդկաստանի Էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել է, որ ինքը կատարել է սոցիալական ցանցերի եւ միջնորդների նոր կանոնները:
Նախարարության ներկայացուցիչը, որը ծանոթ է այս հարցին, ասել է, թե լավ է, որ ընկերությունը պահպանում է կանոնները, բայց դժվար թե դա ազդի արգելքի վրա: Պաշտոնյան հավելել է, որ TikTok-ը «սոցիալական ցանցերում այն նշանակալի միջնորդների» շարքում չէ, որոնց վրա տարածվում են նոր կանոնները:
TikTok-ի ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը կառավարության հետ համագործակցություն եւ Հնդկաստան վերադարձ է ակնկալում: «TikTok-ը ամբողջովին հավատարիմ է հնդկական շուկային: Մենք միշտ աշխատել ենք պահպանել օրենքը եւ կառավարության հետ համագործակցություն ենք ակնկալում` Հնդկաստան վերադառնալու եւ միլիոնավոր օգտվողների համար ուրախ հարթակ ապահովելու համար»,- ասել է ներկայացուցիչը։
TikTok-ը հիմնականում չինական ծագմամբ այն 250 հավելվածների թվում է, որոնք արգելվել էին Հնդկաստանի կողմից՝ անցյալ հունիսին Չինաստանի հետ բախումներից հետո: Կառավարությունն արգելել է հավելվածները՝ ասելով, որ դրանք վտանգ են ներկայացնում երկրի ինքնիշխանության եւ ամբողջականության համար:





























