Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը, որ կայանալու է հոկտեմբերի 14-ին Բուրսայում, շրջադարձային կլինի երկու երկրների հարաբերություններում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Բուրսայի նահանգապետ Շահաբեդդին Հարպուրտը:
«Կարծում եմ՝ տվյալ խաղը միանշանակ դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացի վրա»,- հայտնել է Հարպուրտը՝ նշելով, որ ֆուտբոլային հանդիպումը շատ կարեւոր է հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների համար. «Խաղը կխթանի հարաբերությունների կարգավորմանը, որ հետեւելու է արձանագրությունների ստորագրմանը»:
Լրագրողի հարցին, գնահատում է արդյո՞ք նահանգապետը կայանալիք խաղը որպես հավասար ցյուրիխյան արձանագրություններին, Հարպուրտը պատասխանել է. «Բուրսայի խաղը դրական հեռանկարներ կնախապատրաստի ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների»:




























