Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ Արկտիկայում ծովային սառույցի հալոցքը երկու անգամ ավելի արագ է տեղի ունենում, քան նախկինում էին կարծում, գրում է The Cryosphere-ն:
Հետազոտողները հաշվարկել են ծովային սառույցի հաստությունը 2002-2018 թվականներին ընկած ժամանակահատվածում` հիմնվելով տեղումների եւ ձյան ծածկույթի վերաբերյալ նոր տվյալների վրա: Պարզվել է, որ Արկտիկայի յոթ սահմանային ծովերից չորսում սառույցի միջին հաստությունը 60-100 տոկոսով ավելի արագ է նվազում, քան դա երեւում է արբանյակային ռադարների բարձրաչափերով ստացված կլիմայի ավանդական տվյալներով:
Գիտնականներն ասում են, որ ծովային սառույցի հաստությունը Արկտիկայում կլիմայի աղետալի փոփոխության զգայուն ցուցիչ է: Գլոբալ տաքացումն առավել ցայտուն է այս տարածաշրջանում, եւ այստեղ միջին ջերմաստիճանի բարձրացումը կոտրում է ռեկորդները՝ առաջացնելով ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային սառցադաշտերի արագ հալոցք: Չնայած տարեցտարի տատանումներին, որոնք քողարկում են ընդհանուր միտումը, հետազոտողները գտել են սառցե ծածկույթի վիճակագրորեն զգալի կրճատումներ ձմռան յոթ ամիսներից վեցում:
Ավելի հաստ սառույցը գործում է որպես մեկուսիչ ծածկոց՝ ձմռանը օվկիանոսին թույլ չտալով մթնոլորտը տաքացնել, իսկ ամռանը օվկիանոսը պաշտպանելով արեւի ճառագայթներից: Բարակ սառույցը գրեթե ամբողջությամբ անհետանում է ամռան ամիսներին:





























