Ամերիկյան Apple տեխնոլոգիական հսկան արդեն այսօր, հունիսի 7-ին, մշակողների WWDC 2021 համաժողովի ժամանակ կներկայացնի իր նորացված ծրագրային հարթակները: Համացանցում, ըստ MacRumors պորտալի, արդեն կան որոշ տեղեկություններ Apple-ի նոր արտադրանքների մասին։ Հայտնի է, մասնավորապես, որ Apple Watch «խելացի» ժամացույցները կսովորեն հետեւել սեփականատիրոջ հոգեկան առողջությանը, գրում է Planet- today-ը:

Էնտուզիաստները պարզել են, որ Apple Watch ծրագրային ապահովման նոր տարբերակում՝ watchOS 8-ում կհայտնվի Mind հավելվածը, որը, ինչպես անունն է հուշում, կհետեւի հոգեկան առողջությանը: Հավելվածը կառաջարկի կատարել շնչառական վարժություններ կամ մեդիտացիա անել, եւ կձայնարկի դրան նպաստող հանգստացնող երաժշտություն: Տեղեկություն կա, որ Mind ծառայությունը կհայտնվի ոչ միայն Apple Watch-ում, այլ նաեւ iPhone սմարթֆոններում:

Հայտնաբերվել են նաեւ նոր ծառայությունների ցուցումներ՝ Tips (խորհուրդներ) եւ Contacts (կոնտակտներ), որոնք նախատեսված են հատուկ Apple Watch-ի համար: Բացի այդ, խելացի ժամացույցների համար նախատեսված օպերացիոն համակարգի նոր տարբերակում կընդլայնվի FindMy գործառույթը: WatchOS-ի արդիական տարբերակները կարող են որոնել միայն ընկերների, բայց հարթակի նոր տարբերակը կներառի AirTags-ի նշումների որոնում, ինչը բավական տրամաբանական է՝ հաշվի առնելով շուկայում վերջիններիս հայտնվելը: