Գյումրիում գործող 3 գերեզմանատներն ազատ տարածքներ վաղուց արդեն չունեն: Գյումրիի «Հավերժ հիշատակ» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Եգանյանի խոսքով, այդ խնդիրն առկա է արդեն 5 տարի, որը լուծելու համար իրենք շարունակ դիմում են համապատասխան կառույցներին, սակայն` անարդյունք:

«Գյումրիի թիվ 1 գերեզմանոցին վերջին անգամ նոր հողատարածք է հատկացվել 1964 թվականին, իսկ արդեն 1984 թվականին գերեզմանատունը պաշտոնապես փակ է համարվել,  սակայն մինչ օրս այնտեղ կատարվում են թաղման արարողություններ: Իսկ երրորդ կամ «Շիրակ» գերեզմանատանը տարածք է տրամադրվել 1984  թվականին, ու արդեն մոտ 5 տարի հողակտորները սպառված են»,-ասել է Հովհաննես Եգանյանը:

Ըստ նրա «Շիրակ» գերեզմանատանը, վերջին տվյալներով, հողահատկացում է կատարվել անգամ մոտակա բլրի վրա, որտեղ գտնվող բարձր լարման հենասյուները գերեզմանոցներից հեռու են մոտ 3 մետր, տարածքն առաջ է եկել այնքան, որ գերեզմաններն արդեն հասել են բնակիչների մշակովի հողատարածքներին: Իսկ 2-րդ գերեզմանատան շիրիմները մոտեցել են հենց բնակելի տներին: «Այս պայմաններում, տեղի բնակիչների արտահայտած դժգոհությունները ես միանգամայն բնական եմ համարում»,-ասել է Հովհաննես Եգանյանը:

Ըստ նրա, շուրջ 5 տարի հուղարկավորութունների համար նախատեսված գերեզմանափոսերն ու տարածքներն հատկացվում են անօրինական ճանապարհով: Նույն կերպ էլ կշարունակվի առաջիկայում, մինչեւ կառավարությունը գերեզմանոցային նոր տարածքներ կհատկացնի: