2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Իսպանիա հանդիպման ընթացքին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում հետեւում էր նաեւ Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միգել Անխել Վիլար Լյոնան։ Հանդիպման ընթացքում նա նկատելիորեն նյարդայնանում էր, քանի որ այդքան էլ գոհ չէր Եվրոպայի չեմպիոնների գործողություններից։ Այդուհանդերձ Վիլարը գոհ մնաց խաղի արդյունքից, քանի որ իր թիմը շարունակում է հաղթական երթը Եվրոպայի խաղադաշտերով։ Հանդիպումից հետո պարոն Վիլյարը սիրալիր համաձայնեց բացառիկ հարցազրույց տալ NEWS.аm-ի թղթակցին։
Պարոն Վիլյար, եթե կարելի է, մի փոքր Ձեր մասին…
Սիրով։ Ծնվել եմ 1950 թվականի հունվարի 21-ին Բասկերի երկրի մայրաքաղաք Բիլբաոյում։ Արդեն 22 տարի է, ինչ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան եմ գլխավորում։ Այդ առումով աշխարհում հնաբնակներից մեկն եմ։ Եղել եմ նաեւ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, շուրջ 12 տարի հանդես եմ եկել Բիլբաոյի «Ատլետիկի» կազմում, տարիներ շարունակ նաեւ Իսպանիայի հավաքականում խաղացել։ Այժմ նաեւ ՖԻՖԱ-ի , ՈՒԵՖԱ-ի փոխնախագահի պաշտոնն եմ զբաղեցնում։
Ինչ կասեք Հայաստան — Իսպանիա հանդիպման մասին։
Ընդգծեմ, որ ինձ շատ դուր եկավ Հայաստանի ընտրանու խաղը։ Հայ ֆուտբոլիստները պայքարի տենչով էին դաշտ դուրս եկել, մեծ նվիրվածություն էին դրսեւորում։ Եվ պետք է շնորհավորեմ Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանին՝ իր թիմի, ինչպես նաեւ ցուցադրած խաղամակարդակի համար։ Կուզեի շնորհավորել նաեւ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ պարոն Ռուբեն Հայրապետյանին այն բանի համար, որ վստահել է երիտասարդ հայ մարզչին։ Անկեղծորեն կարծում եմ, որ Հայաստանի ազգային ընտրանին շատ լավ արդյունքների է հասնելու, քանի որ գլխավոր մարզիչը հայ է, քաջատեղյակ է հայկական ֆուտբոլին։ Այնպես որ, շնորհավորանքներս ձեզ։
Որքանով կարելի է դատել Ձեր խոսքերից, Դուք կարեւորում եք այն հանգամանքը, որ ազգային թիմի մարզիչը արտասահմանցի մասնագետ չէ։
Այո, քանի որ տեղացի մասնագետը, ինչպես արդեն նշեցի, լավ է ճանաչում ամեն ինչ՝ սկսած ֆուտբոլիստներից, վերջացրած ազգային մենթալիտետով։ Սրանք շատ կարեւոր գործոններ են։
Իսկ Իսպանիայի ընտրանու խաղից գո՞հ մնացիք։
Այո։ Մենք փորձում էինք հնարավորինս լավ խաղալ, սակայն ի դեմս Հայաստանի հավաքականի՝ հանդիպեցինք մի մրցակցի, որը շատ էր պայքարում, բավականին բարդացրեց մեր կյանքը։ Ինչպես արդեն նշեցի, մենք փորձում էինք մեր լավագույն խաղը ցուցադրել, սակայն մրցակիցը թույլ չտվեց։ Հաղթեցինք ի վերջո, բայց շատ մեծ դժվարությամբ։
Կարող եք մեր հավաքականից որեւէ ֆուտբոլիստի առանձնացնել։
Ես ընդհանրապես չեմ սիրում որեւէ մեկին առանձնացնել, միշտ նշում եմ ողջ թիմի խաղը։ Իսկ Հայաստանի հավաքականը շատ բարձր մակարդակի խաղ ցուցադրեց։
Ինչպիսի տպավորություններ ունեք մեր երկրից։
Պետք է ընդգծեմ, որ արդեն առաջին անգամ չէ, որ Հայաստան եմ ժամանում։ Միշտ էլ հիացած եմ եղել Ձեր հյուրասիրությամբ, մարդամոտությամբ։ Անչափ շնորհակալ եմ նաեւ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանից այն ջերմ ընդունելության, վերաբերմունքի համար, որին միշտ արժանանում ենք։
Ինչ մնում է երկրին, ապա լավ գիտեմ, որ Հայաստանը շրջափակման մեջ է , դժվարություններ ունի։ Սակայն 1995 թվականից ի վեր, երբ առաջին անգամ էի եկել Հայաստան, առաջընթացն ակներեւ է։ Այդ առումով ցանկանում եմ շնորհավորել երկրի կառավարությանը, հայ ժողովրդին, որոնք այս տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարել։ Ես երջանիկ եմ այն բանի համար, որ հոկտեմբերի 10-ին շվեյցարական Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված արձանագրությունները, ինչը, հուսով եմ, նոր հորիզոններ կբացի Հայաստանի առջեւ շատ ոլորտներում։ Ուրախ եմ հայ ժողովրդի համար։ Կուզեի նաեւ ընդգծել հայկական Սփյուռքի դերը, որոնց ներկայացուցիչները սփռված են ողջ աշխարհով մեկ , օգնում են իրենց հայրենիքին։ Գիտեմ նաեւ, որ հայերն առաջինն են 301 թվականին պետականորեն ընդունել քրիստոնեությունը։ Գիտեմ, որ հիանալի եկեղեցիներ ունեք, որ Էջմիածնի եկեղեցիներից մեկի թանգարանում այն գեղարդի մի մասն է պահպանվում, որով հարվածել են Քրիստոսի կողին, երբ նա խաչին գամված էր։ Գիտեմ, որ հիանալի արվեստ, գրականություն ունեք։ Ես հետաքրքրվել եմ այս երկրի պատմությամբ։
Պարոն Վիլյար, կա՞ որեւիցե տարբերություն Հայաստանի եւ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ։
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի մեծ քանակությամբ արտոնագրված մասնագետներ ունի, ավելի շատ ակումբներ։ Թերեւս դա է միակ տարբերությունը։ Իսկ մնացած առումներով ամեն ինչ նույնն է՝ միեւնույն խնդիրները, պարտավորությունները, իրավունքները ՖԻՖԱ-ի , ՈՒԵՖԱ-ի առջեւ։ Անչափ հպարտ, ուրախ եմ այն բանի համար, որ ֆուտբոլը միավորել է բոլորիս, որ շնորհիվ այս խաղի բոլորս հավասար ենք, մեկ ընտանիք ենք։ Ես ինքս միշտ պատրաստ եմ օգտակար լինել ՀՖՖ-ին։
ՀՖՖ-ի հետ համագործակցության համաձայնություն է ձեռք բերվել։ Փակագծերը չէի՞ք բացի։
Սիրով։ Այն վերաբերվում է փորձի փոխանակմանը։, Հիմնականում, երեք ոլորտ է ընդգրկում իր մեջ՝ մարզչական, մրցավարական, բժշկական ծառայության։ Հայ մասնագետները կգան Իսպանիա, իսպանացիները կգան Հայաստան։ Կարծում եմ, որ շատ օգտակար կլինի դա։ Հուսով եմ, որ մեր համագործակցությունը ՀՖՖ-ի հետ գնալով ավելի կխորանա ու կկատարելագործվի։
Դուք նաեւ ՖԻՖԱ-ի – ՈՒԵՖԱ-ի փոխնախագահն եք։ Ի՞նչ է Ձեզ տալիս այս աշխատանքը։
Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք վստահել են ինձ։ Ինչ մնում է աշխատանքին, ապա այն շատ ինտենսիվ է, բայց հաճույք, ուրախություն է պարգեւում։ Այն ինձ հնարավորություն է ընձեռում գիտելիքներս փոխանցել մանուկներին, երիտասարդներին , երկրպագուներին ողջ աշխարհում, տալ նրանց այն արժեքները, որոնք կան ֆուտբոլում, ձեռք բերած իմաստության, փորձի շնորհիվ կրթել նրանց։
Ձեզ նման ղեկավարն ինչպիսի՞ որակներ պետք է ունենա։
Կարծում եմ, որ կարեւորագույն որակներից մեկը հեռանկարի առումով այն է, որ միշտ կարողանաս ճիշտ ժամանակին ճիշտ տեղում գտնվես։ Մասնակցես հնարավորինս բոլոր ֆուտբոլային միջոցառումներին, իրադարձություններին։ Շնորհիվ դրա՝ հնարավորություն ես ստանում լսել, հասկանալ մարդկանց ամբողջ աշխարհում, ծանոթանալ ֆուտբոլային տարբեր մշակույթներին, մտքերին, կայացնել ճիշտ որոշումներ։
Ստորադասները պետք է հարգե՞ն, սիրե՞ն, թե՞ վախենան իրենց ղեկավարից։
Առաջին հերթին՝ ղեկավարը պետք է իր ստորադասների ընկերը լինի։ Ղեկավարն այն մարդն է, որը պետք է ճիշտ ու համապատասխան որոշումներ կայացնի։ Ղեկավարը պետք է հնարավորինս իր ստորադասների գործընկերը լինի։
Որո՞նք են ֆուտբոլի զարգացման կարեւորագույն նախադրյալները։
Ամենակարեւոր բաներից մեկն այն է, որ կարողանաս մանուկներին, երիտասարդներին նվազագույն պայմաններ ստեղծել համապատասխան աշխատանքի համար։ Համապատասխան ենթակառուցվածք, մարդիկ, որոնք սիրում են այս մարզաձեւը, գաղափարապես հարստացնում են մյուս մասնագետներին։ Ես շեշտում եմ՝ սերը մարզաձեւի հանդեպ շատ կարեւոր է։ Այդ դեպքում նրանց աշխատանքը ստեղծագործական բնույթ է կրում, որի շնորհիվ նրանք կարողանում են նոր մարզիչներ, ֆուտբոլիստներ պատրաստել։
Ի՞նչ եք կարծում լեգեոներների քանակի մասին՝ ակումբներում։
Ես թիմում տեղացի եւ արտասահմանցի ֆուտբոլիստների ներդաշնակության կողմնակից եմ։ Ինչ խոսք, արտասահմանցի խաղացողները հարստացնում են այս կամ այն երկրի ֆուտբոլը։
Այս հարցը Ձեզ այն բանի համար եմ հղում, որ այսօր եվրոպական առաջատար շատ թիմերում կարելի է 1 կամ 2 տեղացի ֆուտբոլիստ տեսնել։ Եվ եթե այդ թիմը որեւէ նշանակալից հաջողության է հասնում, ապա հնարավոր չէ խոսել տվյալ երկրի ֆուտբոլի հաղթանակի մասին…
Այո, ներդաշնակություն է անհրաժեշտ տեղացի եւ արտասահմանցի ֆուտբոլիստների քանակի միջեւ։ Մենք աշխատում ենք այդ խնդրի վրա։
Անդրադառնանք մարզիչներին։ Ինչպե՞ս եք կարծում, պրոֆեսիոնալ մարզչին անհրաժե՞շտ է մանկապատանեկան ֆուտբոլի փորձառություն անցնել , թե՞ ոչ։
Մարզիչը պետք է արտոնագրված մասնագետ լինի, իսկ արտոնագիրը ազգային ֆեդերացիաներն են շնորհում։ Եթե այս կամ այն արտոնագիրն ես ստանում, ապա դա նշանակում է, որ պատրաստ ես աշխատել այս կամ այն ոլորտում։
Մարզիչները իրե՞նք պետք է հոգեբաններ լինեն, թե՞ մասնագետ ունենան իրենց կողքին։
Անկասկած, մարզիչը պետք է հոգեբան լինի։ Սակայն շատ մարզիչներ մասնագետ են փնտրում, որն իրենց կօգնի աշխատանքում։ Սակայն կան նաեւ այնպիսի մասնագետներ, որոնք բավականաչափ համապատասխան որակներ ունեն, որպեսզի կարողանան ֆուտբոլիստից ստանալ առավելագույնը։
Որքանո՞վ է կարեւոր մարզչի համար միջազգային սեմինարներին մասնակցելը։
Ցանկացած մասնագիտություն պահանջում է, որ առավելագույնս տեղեկացված լինես, իմանաս վերջին իրադարձությունները, որպեզի կարողանաս հարմարվել , ճիշտ ուղղություն ընտրել։ Պրոֆեսիոնալը պետք է անընդհատ բարձրացնի իր մակարդակը։ Սեմինարները շատ կարեւոր են՝ նոր մտքեր, նոր տեխնոլոգիաներ։
Ո՞րն է ավելի նախընտրելի՝ ունենալ միջակ ֆուտբոլիստնե՞ր ու բարձր որակավորում ունեցող մարզիչ, թե՞ հակառակը։
Ամենացանկալին լավ խաղացողներ, լավ մարզիչ ունենալն է (ծիծաղում է)։ Այսինքն՝ ներդաշնակություն։ Ցավոք սրտի, դա միշտ չի պատահում։ Շատ կարեւոր է այս առումով մանկապատանեկան ֆուտբոլում կատարվող աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի լավ ֆուտբոլիստներ կրթել, ընտրության հնարավորություն ստանալ։ Բայց ինչպես արդեն նշեցի, լավ մարզչի, ֆուտբոլիստների ընտրությունն է ամենանախընտրելին, որն իրականում շատ քչերին է հաջողվում։
Ընդունո՞ւմ եք, որ եթե մարզիչը դադարում է աճել, նա դատապարված է դեգրադացիայի։
Անկասկած, մարզիչը պետք է անընդհատ աշխատի իր վրա, անընդհատ կատարելագործվի, տեղեկացված լինի։ Դրանից են կախված նաեւ իր թիմի ելույթները։
Ո՞րն է ամենակարեւորը երեխայի համար, որպեսզի կարողանա բարձր մակարդակի ֆուտբոլիստ դառնա։
Դա վերաբերվում է ոչ միայն ֆուտբոլին։ Երեխան պետք է լինի կարգապահ, ուշադիր հետեւի մարզչի խորհուրդներին, կյանքում հետաքրքրվի ոչ միայն ֆուտբոլով, այլ նաեւ կրթվի, ձեւավորի իրեն որպես անձնավորություն։
Այդ դեպքում ո՞ր որակները կարելի է ձեռք բերել , որո՞նք են միայն բնատուր։
(Ծիծաղում է)։ Կարելի է կատարելագործել տեխնիկան, մեծացնել արագությունը, ավելի արագ մտածողություն մշակել։ Կարելի է անվերջ կատարելագործել դա։
Սակայն համաձայնվեք, որ տեխնիկան Աստծո շնորհ է…
Ոչ, ոչ։ Տեխնիկան, դրիբլինգը կարելի է ձեռք բերել , կատարելագործել։
Կարո՞ղ է արդյոք ֆուտբոլիստն իր սեփական հոգեբանը լինել։
Կարծում եմ, որ ամեն դեպքում մեր կողքին պետք է համապատասխան մարդկանց ունենանք, որոնք կկարողանան օգտակար լինել։
Որքանո՞վ է կարեւոր այն, որ ֆուտբոլիստը բազմակողմանի զարգացած մարդ լինի, հետաքրքրվի արվեստով, գրականությամբ։ Ինչպե՞ս է դա արտացոլվում իր խաղի վրա։
Ես անկեղծերեն կարծում եմ, որ ֆուտբոլիստը առաջին հերթին պետք է մարդ լինի։ Նա պետք է մտածի ոչ միայն իր ֆիզիկական որակների, նյութական պահանջների մասին, այլ պետք է նաեւ հոգեւոր առումով զարգանա, հետաքրքրվի արվեստով , այլ կարեւոր բաներով։ Անկասկած, դա իր ազդեցությունը կունենա նաեւ խաղադաշտում։
Եվ՝ վերջին հարցը։ Կուզեի՞ք կրկին այցելել Հայաստան։
Անկասկած , համոզված եմ, որ կրկին կայցելեմ Հայաստան։




























