«Ժամանակ»-ը ներկայացնում է հունիսի 14-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» հրապարակում ոստիկանի կրակոցով սպանված Արման Ենգիբարյանի անվան հետ կապվող ավազակային հարձակումներից տուժած որոշ անձանց պատմածները:
Նրանց (անունները եւ հասցեները չենք հրապարակում` նրանց վտանգի չենթարկելու նկատառումներով) հետ զրույցի որոշ հատվածներ, դետալներ առայժմ շրջանցվում են, չեն հրապարակվում, քանի որ կարող են էական նշանակություն ունենալ գործի բացահայտման եւ լրագրողական հետաքննության համար: Ուշագրավ է, որ թերթի հետ զրուցած տուժածները տարբեր կերպ են նկարագրել Ենգիբարյանի արտաքինը, ով, իբր մտել է նրանց բնակարաններ, ներկայացել որպես ջրմուղի աշխատակից եւ թալանել տանտերերին: Մի դեպքում նա եղել է սեւ շորերով, կաթնագույն կոշիկներով, մազերը գլխին «լղոզած», «հետ տված», «դեմքը պրիշչիկոտ», խոսել է հանգիստ: Տարիքը` մոտ 30 տարեկան, հասակը` մոտավորապես 1.60` տանտիրուհուց մոտ 15-20 սմ ցածր: Մյուս դեպքում` «մազերը եղել են, կարծես թե, խուճուճավուն, կողքի տված, լայն ճակատով, դեմքը` «թմբլիկոտ, օվալաձեւ»: Կազմվածքը` լիքոտ, միջին հասակի: Այս տուժողը ոստիկանությունում ցուցադրված ֆոտոռոբոտ նկարներից եւ անձնագրային լուսանկարից մատնացույց է արել իրեն ծանոթ դեմքը, իսկ արդեն դեպքից հետո` «Էրեբունի» բժշկական կենտրոնում, տեսնելով Արման Ենգիբարյանի դիակը` նրան նույնացրել է «ջրի մարդու» հետ:
«Այս բնակարաններ մուտք գործած կամ մուտք գործելու փորձ արած անձնավորությունը չի հարվածել, չի քաշքշել տան բնակիչներին, սակայն բոլորի մոտ հարց էր ծագում` եթե սպանվողը իսկապես ավազակային հարձակումների հետ կապ չուներ, եւ խնդիր չուներ, ապա ինչո՞ւ չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, ինչո՞ւ է փախել եւ ինչո՞ւ է զենք կիրառել իրեն հետապնդած ոստիկանների նկատմամբ... Այս հարցերի պատասխանները պետք է տա նախաքննությունը»,-նկատում է թերթը: Պարբերականը նկատում է, որ իր զրուցակիցների նկարագրածի մեջ տարբերություն կա հասակի առումով, եւ մի հանգամանք. «Վերջին պոտենցիալ տուժողն ասաց, որ հագին կապտավուն վերնաշապիկ էր, իսկ Արման Ենգիբարյանի հարազատի խոսքով, դեպքի օրը Արմանի հագին սպիտակավուն շալվար եւ «մայիչկա» է եղել:
Մազերը սովորաբար եղել են եւ՛ կարճ, եւ՛ երկար: Դեպքի օրը` մի փոքր երկար: Սեւ վերնաշապիկ, կարծես թե, չի ունեցել եւ հիմնականում տրիկոտաժե հագուստներ է կրել` ազատ լինելու համար: Սպիտակ կոշիկներ Արմանը ունեցել է, միայն թե չգիտեր` դեպքի օրը սեւ՞, թե՞ սպիտակ կոշիկներն են հագին եղել: Հասակը եղել է մոտ 1,70 կամ մի փոքր ավելի»,-նկատում է «Ժամանակ»-ը:




























