«Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում անդրադարձել է կազանյան հանդիպմանը` գրելով. «…Եթե գոյություն ուներ տեքստ, որը Սարգսյանը եւ Ալիեւը խոստացել էին Կազանից առաջ ստորագրել, իսկ բուն Կազանում վերջինս սկսել է փոփոխել, ապա իրավունք ունե՞ն արդյոք Օբաման, Սարկոզին եւ Մեդվեդեւը հավասար չափով «նեղանալ» թե’ հայերից, թե’ ադրբեջանցիներից: Բայց քանի որ կազանյան հանդիպումը ոչ մի արդյունքի չբերեց, մեր պատվիրակության անդամները հնարավորություն ունեն առանձնապես չտարածվել այն մասին, որ իրենք հակված էին ընդունել առաջարկվող սկզբունքները, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Պատճառը ներքին, հայաստանյան քաղաքական կոնյունկտուրան է։ Մի կողմից՝ կա գայթակղություն միջազգային ասպարեզում ասելու՝ «մենք լավն ենք, գերազանցիկ ենք, ճկուն ենք, պատրաստ ենք փոխզիջումների», մյուս կողմից՝ «ներքին սպառման» տեսակետից դա հարմար չէ ասել՝ «ծախելու» մեղադրանքները չաշխուժացնելու մտավախությամբ։
Գիտակցելով, որ այս հարցում էլ ես արտահայտում եմ փոքրամասնության կարծիքը, այնուամենայնիվ, ասեմ. մեր դիվանագիտության տեղը լինեի, ես «ռիսկով» կհայտարարեի, որ «մադրիդյան սկզբունքներն» ինձ համար ընդունելի փոխզիջում են, եւ ղարաբաղյան կողմի համաձայնությունը ստանալու դեպքում պատրաստ եմ աշխատել այս հայեցակարգով։ Որովհետեւ ավելի լավ «սկզբունքներ» մեզ ոչ ոք չի առաջարկի։ Ավելի վատ՝ ինչքան ուզում եք»։




























