Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այսօր` հունիսի 28-ին ընդունել է ՌԴ Թաթարստանի պետական խորհրդի նախագահ Մուհամեդշին Ֆարիդին եւ Ուկրաինայի Զապարոժիեի մարզային խորհրդի նախագահ Մատվիենկո Պավլոյին, ովքեր Երեւան են ժամանել մասնակցելու հունիսի 29-ին մեկնարկելիք ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են հանձնաժողովի նիստին, ինչպես նաեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Փոխվարչապետը բարձր է գնահատել ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությունը` կարեւորելով փոխգործակցության խորացումը: Նշվել է, որ հայկական կողմը միջոցառումների անցկացումը դիտարկում է ՏԻՄ 15-ամյակի շրջանակում, եւ դա ՏԻՄ համակարգի կարեւորությունն ընդգծելու հերթական քայլն է:
Ա. Գեւորգյանը կարեւորել է նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի մի շարք ռեգիոնների եւ Հայաստանի մարզերի միջեւ առկա համագործակցությունը` նշելով, որ թե ԵԽ, թե ԱՊՀ կառույցներն ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման լավ հարթակներ են ստեղծում: Միաժամանակ ընդգծվել է, որ առկա է փոխգործակցության զարգացման մեծ ներուժ, որն իրացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում` փորձելով կապեր ստեղծել փոխադարձ հետաքրքրություն ունեցող տարածաշրջանների միջեւ:
Ապակենտրոնացված մակարդակով համագործակցության լավ հնարավորություններ են ստեղծվել նաեւ եվրոպական երկրների հետ:
Մասնավորապես` Հայաստանի անդամակցությունը Եվրոպական տարծաշրջանային ասամբլեային թույլ է տալիս փոխշահավետ հարաբերություններ հաստատել նաեւ կառույցի անդամ երկրների տարածաշրջանների հետ:
Կողմերն ընդգծել են նաեւ, որ նման կապերի խորացմանը կարող է նպաստել աշխատանքը ԱՊՀ մասնակից-պետությունների միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության խորհրդում:




























