Երեւանում այսօր հունիսի 28-ին, առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայից դեպի Նոր Նորք գնացող ճանապարհի (գազանանոցի մոտ) ձախ թեւում գտնվող սեփական տների այգիների տարածքում:
Ինչպես հրդեհի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհը տարածքվել է շուրջ 10-15 հազար քմ եւ այն մեծ արագությամբ շարունակում է տարածվել:
Նշված հատվածում շուրջ 30-40 սեփական տներ կան, որոնց բնակիչներն իրենց ուժերով փորձում են մարել կրակը: Բնակիչների խոսքով, իրենք զանգահարել են հրշեջ ծառայություն, որտեղից հրշեջները ժամանել են միայն 30 րոպե անց:
Այս պահին հրշեջներն էլ են միացել բնակիչներին, սակայն քանի որ տեղանքն անանցանելի է, ճանապարհները գտնվում են անբարեկարգ վիճակում, այդ ճանապարհներին կան նաեւ ապօրինի շինություններ, ոստի տեխնիկան չի կարողանում մոտենալ կրակին:
Հրշեջները ոտքով են բարձրանում այդ բարձունքները եւ բնակիչներն իրենց տներից դույլերով ջուր են փոխանցում հրշեջներին: Հրդեհն արդեն գրեթե հաջողվել է մարել
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի ԱԻՆ հրշեջ ծառայության փորձաքննության արդյունքներից հետո:
Նշենք, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաեւ 7-8 տարեկան անչափահաս երեխաներ:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























