Երեւանի պետական բժշկական համալսարանում այսօր` հունիսի 28-ից մեկնարկել է եւ մինչեւ հունիսի  30-ը  տեղի է ունենալու համաժողով` նվիրված պլաստիկ վիրաբուժությանը: Պլաստիկ վերականգնողական եւ Էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիան (AAPRAS) եւ պլաստիկ վիրաբույժների միջազգային կոնֆեդերացիան (IPRAS) AAPRAS-ի երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում հունիսի 30-ին կազմակերպելու է  հանրային օր: Այդ օրը ցանկացած քաղաքացի կարող է գնալ եւ իրեն հուզող հարցերը տալ` կապված պլաստիկ վիրաբուժության հետ: Այս մասին այսօր` հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասացին IPRAS-ի ներկայացուցիչները:

IPRAS-ի նախագահ Մարիտա Եյզենման-Կլեյնը նշեց, որ Հայաստանում այս ոլորտում մեծ աշխատանք է կատարվել եւ մեծ նվաճումների են հասել: «Հայաստանն այս առումով օրինակ կարող է ծառայել շատ երկրների համար»,- ասաց նա: Մարիտա Եյզենման-Կլեյնը նշեց, որ պլաստիկ վիրաբուժության մեջ էսթետիկ եւ վերականգնողական վիրաբուժությունը իրարից չի կարելի առանձնացնել, որքան էլ մեզանում պլաստիկ վիրաբուժություն ասելով նկատի ունեն էսթետիկը:

Նա ասաց, որ որքան  ավելի ճերմակ է մարդու մաշկը, այնքան ավելի հակված է չարորակ գոյացությունների  առաջացման համար, օրինակ` կրծքի քաղցկեղն ավելի շատ բնորոշ է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կանանց: Նրա համոզմամբ` պլաստիկ վիրաբուժության մեջ բարդությունների հավանականությունը 10-15 տոկոս է:

IPRAS-ի  գլխավոր քարտուղարի տեղակալ Անդրեաս Յակումետտիսն էլ նշեց, որ համաժողովին մասնակցելու են 26 դասախոսներ` 17 երկրներից:

Նշենք, որ Պլաստիկ վիրաբույժների միջազգային կոնֆեդերացիան (IPRAS) հիմնադրվել է 1955թ գլոբալ մտածելակերպ  ունեցող պլաստիկ վիրաբույժների կողմից: Այն իր մեջ ներառում է 40 հազար պլաստիկ վիրաբույժ աշխարհի 100 ազգերից եւ շրջաններից: Կառույցի հիմնական նպատակն է աջակցել պլաստիկ վիրաբուժության ինչպես գիտական, այնպես էլ կլինիկական ոլորտներում եւ խրախուսելու բժիշկների միջեւ ընկերությունը բոլոր երկրներում: