ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը օրերս իրականացրել է դիվանագիտական իր առաքելություններից մեկը,- պնդում է ամերիկյան The Washington Post պարբերականը։ Նա նպաստել է, որպեսզի կայանա պոտենցիալ պատմական իրադարձությունը. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ավելի վաղ նախաստորագրված երկու արձանագրությունները։ Մենք զուր չենք դիմում «պոտենցիալ» հասկացությանը, քանի որ արձանագրությունների կյանքի կոչման ճանապարհին դեռեւս բավական մեծ խոչընդոտներ կան։ Տիկին Քլինթոնը ոչ քիչ ջանք է ներդրել , որպեսզի փաստաթղոերի ստորագրումը կայանա, թեպետ եւ չորսժամյա ուշացմամբ։ Եվ մեկ անգամ ապացուցելով իր բարձր որակավորումն ու փակուղային իրավիճակները հաղթահարելու ունակությունը։
Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցումը կարեւոր նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար մի քանի պատճառներով։ Այն կնպաստի ոչ կայուն եւ փոփոխական տարածաշրջանի կայունացմանը, կբացի դեպի Արեւմուտք գազի ու նավթի մատակարարումների նոր միջանցքներ, կփոքրացնի Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքական գերակայությունը, ինչպես նաեւ կազատի ԱՄՆ-ին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ առկա խնդիրների պատճառով առաջացած մշտական գլխացավից։ Բարաք Օբամայի վարչակազմը այդ ողջ ընթացքում այդ ուղղությամբ բավական ինտենսիվ աշխատանք է կատարել, իսկ տիկին Քլինթոնը, ընդհանուր առմամբ, 29 հեռախոսազրույց է ունեցել երկու երկրների ղեկավարների հետ։ Օբաման ինքն էլ է դեր կատարել՝ խոստանալով Օսմանյան Թուրքիայում իրականացված հայերի զանգվածային սպանությունները ճանաչել Ցողասպանություն, իսկ հետո կատարեց «քայլ ձիով»։
Հարկ է նշել, որ հենց Հայոց Ցեղասպանության հարցն է հանդիսանում արձանագրությունների բովանդակության կյանքի կոչման ամենամեծ սպառնալիքներից մեկը։ Սակայն սահմանների բացումը մեծ պլյուս կլինի շրջափակման մեջ գտնվող ու ծայրաստիճան աղքատության հասցված Հայաստանի համար։ Սակայն հայերի կողմից մեծ ընդդիմություն կա պատմական արխիվների ու փաստերի հետազոտման միջկառավարական հանձնաժողովի ստեղծման նկատմամբ, քանի որ նրանք երկյուղում են, որ Թուրքիային դա մանեւրելու եւ հայտնի իրադարձությունները որպես Ցեղասպանություն ճանաչելը մշտապես ձգձգելու հնարավորություն կտա։ Այնուամենայնիվ, ԱՄՆ հայերի որոշ շրջանակների ներկայացուցիչներ պատրաստ են համաձայնել, որ արձանագրությունները հանդիսանում են ողջամտության հաղթանակ։
Գործընթացի իրականացման ճանապարհին առավել մեծ խոչընդոտ է հանդիսանում հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ առումով բավական համարձակ քայլ կատարեց՝ փաստաթղթերում հրաժարվեց նախապայմաններից։ Դրանով իսկ առաջ բերեց Ադրբեջանի՝ Թուրքիայի դաշնակցի ու էներգետիկ մատակարարի, կատաղությունը։ Սակայն, Էրդողանը, կիրակի օրը նշել է նաեւ, որ իր երկիրը չի կատարի հետագա քայլերը, եթե Հայաստանը թեկուզ մասնակի չհեռանա «գրավյալ» տարածքներից։ Դա մեծ խնդիր կհանդիսանա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համար եւ կպահանջի միջազգային աջակցություն, այսինքն՝ տիկին Քլինթոնի էլ ավելի նուրբ ու նրբանկատ աշխատանքը։




























