«Ես կարծում եմ, որ արձանագրությունները կվավերացվեն եւ թուրքական եւ հայկական խորհրդարաններում: Այդ ուղղությամբ կատարվող աշխատանքներում երկու կողմն էլ մի փոքր ուռճացնում են առասպելը այն դժվարությունների հետ կապված, որոնք իբր ուղեկցել են դրանք Շվեյցարիայում ստորագրելիս»,- «Դեյ.ազ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել «Lider.TV»-ի փորձագետ Թոֆիկ Աբասովը: Նրա խոսքով, Արեւմուտքը հաշվի չի առնում, որ Կովկասում իրավիճակն ամբողջությամբ նորմալացնելու համար պետք է հաշվի առնել նաեւ Ադրբեջանի շահերը: «Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանն ունի ազդեցության բավականին լծակներ, որպեսզի պաշտպանի իր շահերը ոեւ ազդի իրավիճակի վրա»,- ասել է Աբասովն ու հավելել. «Կողմերը կարծում են, թե արձանագրությունները ստորագրելով ու վավերացնելով մնացած բոլոր խնդիրները շղթայական ռեակցիայով կլուծվեն, բայց դա ինքնախաբեություն է»:
«Թուրքիան պետք է պնդեր, որ հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդիրները ընթանային զուգահեռ: Այն, որ Թուրքիան ու Հայաստանը որոշեցին, որ կարող են այլ խնդիրներից առանձին կարգավորել իրենց փոխհարաբերությունները, դրանում մեծ դեր խաղացին Արեւմուտքն ու Մոսկվան: Թուրքիան բազմաթիվ անգամ հավաստիացրել է, որ առանց Ադրբեջանի շահերը հաշվի առնելու հայ-թուրքական սահմանը չի բացվի, բայց մենք հիմա տեսնում ենք, որ թուրքական կողմը անտեսել է իր ռազմավարական դաշնակցի շահերը»,- ընդգծել է Աբասովը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ մինչեւ տարեվերջ սահմանները բացվեն, նա պատասխանել է. «Ինձ թվում է, որ ամեն ինչ հենց այդպես էլ նախատեսված է: Դրանում բոլորից շատ պնդում է Արեւմուտքը, որպեսզի շունչ տա Հայաստանի տնտեսական օրգանիզմին: Կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ սահմանները կբացվեն եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման գործընթացը կարագանա: Հակառակ դեպքում, ամբողջ լավատեսական մթնոլորտը կփլվի»:



















