Գյումրիում շտապօգնության բժշկին սպանելու փաստի առթիվ հայտարարություն է տարածել Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Հայտարարության մեջ ասվում է.
«Այսօր ողջ բժշկական հասարակությունը եւ, կարծում եմ, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի խիստ դատապարտում են երեկ Գյումրիում շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված բարբարոսական արարքը, որն ավարտվեց շտապօգնության բժշկի մահվամբ: Բժշկի, որը շտապում էր օգնության հասնել հիվանդին:
Չնայած հիվանդատիրոջ անմարդկային վերաբերմունքին, բժիշկ Աշոտ Գրիգորյանը, հավատարիմ մնալով բժշկի երդմանը, շարունակել է պատշաճ բուժօգնություն ցուցաբերել հիվանդին:
Ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես բժիշկ եւ որպես առողջապահության նախարար իմ խորին վիշտը եւ խիստ վրդովմունքն եմ հայտնում այս երեւույթի նկատմամբ:
Հավատացնում եմ, որ հետեւողական կլինեմ, որպեսզի մեղավորները կրեն արժանի պատիժը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Խնդրում եմ բոլոր իրավապահ մարմիններին ամենայն խստությամբ մոտենալ այս զարհուրելի երեւույթին: Կարծում եմ, որ իրավապահ մարմինների հետ համատեղ պետք է մշակել համակարգ, որպեսզի բուժաշխատողը մեր երկրում իրեն պաշտպանված զգա:
Իմ եւ ողջ բժշկական հասարակության անունից խորին ցավակցությունն եմ հայտնում բժիշկ Աշոտ Գրիգորյանի ընտանիքին ողբերգական մահվան կապակցությամբ»:




























