Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը ձեռնպահ է մնում հայտնել, թե ինչ ունեցվածքի է տնօրինում, որը ներկայացված է որպես քաղաքապետի թեկնածու ԿԸՀ ներկայացված իր հայտարարագրում: Նա հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ հարկային մարմիններում ներկայացրած հայտարարագրում ամեն ինչ գրանցված է: Լրագրողները մի քանի անգամ փորձեցին պարզել, թե ի վերջո, որքան է կազմում նրա ունեցվածքը, սակայն Թովմասյանը խուսափեց կոնկրետ թիվ նշելուց:

«Վերցրեք հայտարարագիրը եւ կարդացեք: Իմ հայտարարագրում ներկայացված է այն, ինչ ունեմ: Ոչ իրավաչափ գործողություն այնտեղ չկա»,-հավաստիացրեց նա: Արարատի նախկին քաղաքապետը նաեւ հրաժարվեց նշել, թե տարեկան որքան եկամուտ ունի:

«Ես տարբեր գրանտների հետ եմ աշխատում…Չեմ հիշում, թե որքան է տարեկան եկամուտս»,-հայտարարեց Թովմասյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հիշողության խնդի՞ր ունեք, եւ եթե անգամ Ձեր ունեցվածքի չափը չեք հիշում, ինչպե՞ս եք պատրաստվում քաղաքապետ աշխատել, Թովմասյանն արձագանքեց. «Չէ, հիշողության խնդիր չունեմ: Սակայն լավ է, նորմալ է…»:

Նշենք, որ Արարատի քաղաքապետի մեկ այլ թեկնածու` գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանը ժամանակ առաջ NEWS.am-ին տված հարցազրույցում Թովմասյանի մասին հայտարարել էր. «Սա  այն նույն մարդն է, ով քաղաքապետի թեկնածու առաջադրվելով գույքի  հայտարարագիր է ներկայացնում, որում նշված է, թե ինքն ընչազուրկ է, ոչ տուն, ոչ մեքենա ունի, ապրում է իր քենու տանն ու իր ունեցածը միայն իր անձնագիրն է»:

Հիշեցնենք, որ  Արարատում համայնքի ղեկավարի ընտրությունները տեղի են ունենալու հուլիսի 3-ին:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի