«Հայաստանի Եվրոպական շարժում» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ առաջարկում է Կովկասյան համագործակցության վերազգային մարմին ստեղծել, որում ընդգրկված կլինեն Կովկասի երեք երկրների ներկայացուցիչները:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Կազանյան հանդիպումը ապացուցեց, որ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ անհրաժեշտ է ձեւակերպել նոր մոտեցումներ, որոնք վեր կլինեն նախկինից ժառանգած ազգայնական, պատերազմածին եւ փակուղային մոտեցումներից: Ղարաբաղյան հիմնախնդիրը ոչ միայն հայերի եւ ազերիների գործն է, այլ վերածվել է տարածաշրջանային ու նույնիսկ Եվրոպայի համար աշխարհաքաղաքական հիմնախնդրի, հետեւաբար լուծումները, որոնք ապագայում պետք է ձեւավորվեն անհրաժեշտաբար պետք է բխեն տարածաշրջանային եւ Եվրոպական ինտեգրացիոն հեռանկարներից եւ պետք է խարսխվեն ազգերի խաղաղ համակեցության գաղափարից:

Չնայած  խնդրի բարդությանը` կողմերը պետք է գիտակցեն, որ հասարակություններում սերմանվող ատելության մթնոլորտը, նույնիսկ Ղարաբաղյան խնդրի կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակով, կարող է հանգեցնել հետագա անցանկալի պայթունավտանգ իրավիճակների: Այս առումով, իհարկե առաջին հերթին անելիքներ ունի Ադրբեջանի ղեկավարությունը:

Հայաստանի Եվրոպական Շարժումը տարիներ առաջ հանդես եկավ առաջարկով, որ անհրաժեշտ է ստեղծել Կովկասյան համագործակցության վերազգային մարմին, որը սկզբնական շրջանում կարող է զբաղվել բնապահպանական եւ երիտասարդական համագործակցության հարցերով:

Եվրոպական շարժման առաջարկն է լրջորեն քննարկել Կովկասյան միասնական համագործակցության պլատֆորմ ստեղծելու գաղափարը, որը հետագայում, փոխադարձ հանդուրժողոկանության ձեւավորմանը զուգահեռ, կարող է զբաղվել նաեւ տնտեսական, առողջապահական, կրթական եւ այլ հարցերով: Այս կազմակերպությունում պետք է հավասարապես ներգրավված լինեն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակներ: Կառույցի ձեւավորումը կարող է իբրեւ փորձ հիմք ընդունել Բենելուքսի ձեւավորման եւ զարգացման պատմությունը»: