Հունաստանի խորհրդարանը հունիսի 27-ին սկսել է քննարկել կառավարության ներկայացրած հակաճգնաժամային արմատական ծրագիրը:

Միայն այն ընդունելու դեպքում Հունաստանը կարող է ակնկալել վարկերի ստացումը Եվրամիությունից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից:  Խոսք է գնում հարկերի բարձրացման եւ բյուջետային ծախսերի կրճատման մասին մինչեւ 28 մլրդ եվրոյի չափով:
Եթե հունական խորհրդարանը «կողմ» քվեարկի ծրագրին` ապա Հունաստանը մինչեւ հուլիսի կեսերը կստանա 12 մլրդ եվրո տրանշ` նախատեսված 110 մլրդ-ից: Միայն այդ դեպքում երկիրը կարող է խուսափել դեֆոլտից:

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հունական ճգնաժամը Հայաստանի վրա: Նշենք, որ եթե Հունաստանում իսկապես դեֆոլտ հայտարարվի, ապա միջազգային շուկաները ուժեղ ցնցում կապրեն, իսկ 2008-9 թվականների փորձը ցույց է տալիս, որ դա չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա:

Օրինակ` կարող են անկում ապրել գունավոր մետաղների գները, ինչը հարցականի տակ կդնի հայկական հանքարդյունաբերության ապագան: Շատերը կանխատեսում են նավթի գների անկում, որը սովորաբար հանգեցնում է Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների կրճատման:

Բացի այդ` միջազգային խոշոր ներդրողները նախընտրում են որոշ ժամանակ ձեռնպահ մնալ զարգացող երկրներում կատարվող ներդրումներից` նախընտրելով ոսկին կամ դոլարը: Սակայն Հայաստանը կարող է շահել եվրոյի թուլացման հետեւանքով, քանի որ մեր ֆինանսական շուկայում եվրոյի տեսակարար կշիռը մեծ չէ:

Մեկ այլ խնդիր էլ կապված է հունական կառավարության թողարկած պարտատոմսերի հետ: Թեեւ ՀՀ Կենտրոնական բանկը պաշտոնապես հերքել է, թե իր կողմից կառավարվող միջազգային պահուստներում հունական պարտատոմսեր կան, այնուամենայնիվ չի բացառվում, որ նման ակտիվներ լինեն: Այդպիսի ակտիվներ կարող են լինել նաեւ ֆինանսական ինստիտուտների մոտ, քանի որ հունական պարտատոմսերի եկամտաբերությունը բավական բարձր է:

Սամվել Ավագյան