«Արտաշատը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում հայտնված մարդու կարգավիճակում: Մենք պետք է կենդանացնենք այդ քաղաքը, որպեսզի նոր կարողանանք կոմպլեքս բուժում նշանակել»,-այս հայտարարության հեղինակը
Արտաշատի քաղաքապետի ընտրություններում թեկնածու առաջադրված Քաջիկ Գրիգորյանն է:

Նա մասնագիտությամբ իրավաբան է, նախկինում աշխատել է ՆԳ համակարգում, NEWS.am-ի խմբագրություն էր եկել ընդդիմադիր մի քանի թերթերն ու ՀՀ ընտրական օրենսգիրքը թեւատակին: Ասաց, որ ինքը եւս,  բազմահազար արտաշատցիների պես, դժգոհ է գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանի աշխատանքից, քանի որ նա իր պաշտոնավարման մոտ 10 տարիների ընթացքում ոչինչ չի արել եւ միայն նախընտրական այս շրջանում սկսել է մատը մատին տալ:

Ընտրությունների է գնում` Արտաշատը կարգուկանոնի, գեղեցիկ ու մաքուր քաղաք դարձնելու նպատակով եւ իր հաշվարկներով կվաստակի քվեների 40 եւ ավելի տոկոսը: Իր նախընտրական ցուցապաստառները դեռ չի փակցրել, քանի որ «քաղաքում կան վատ մտածելակերպի տեր մարդիկ, ովքեր, ինչպես միշտ,  պատռում եւ փչացնում են դրանք»: 

Դուք քաղաքապետի նախորդ ընտրություններում եւս առաջադրվել էիք, սակայն ընտրություններից մի քանի օր առաջ հանեցիք Ձեր թեկնածությունը: Այս ընտրություններում կրկին առաջադրվել եք, ինչո՞ւ:

Նախորդ ընտրությունների ժամանակ ես Հրանտ Խաչատրյանի ղեկավարած «Սահմանադրական իրավունք» միության  անդամ էի: Լինելով կուսակցության անդամ` պարտավորված էի ենթարկվել կուսակցության կանոնակարգին: Քանի որ կուսակցությունն աննպատակահարմար գտավ իմ հետագա պայքարը քաղաքապետի աթոռի համար, որոշում կայացրեց, որպեսզի հանեմ թեկնածությունս, ես էլ ենթարկվեցի կուսակցության որոշմանը:

Խոսակցություններ էին հնչում, թե ընտրապայքարից հրաժարվելու պատճառը եղել է թեկնածուներից մեկի կողմից Ձեզ առաջարկված գումարը (մոտ 3 հազար դոլար): Ի դեպ` այժմ էլ են նման խոսակցություններ շրջանառվում, թե Դուք չեք հանում Ձեր թեկնածությունը, քանի որ սպասում եք գումարային «պարգեւատրման»:  

Ճիշտ նկատեցիք, հիմա էլ են նման խոսակցություններ շրջանառվում: Սակայն դա մի մարդու զառանցանք է, ոմն Վիրաբյանի: Նախորդ ԱԺ ընտրությունների ժամանակ  ես ղեկավարել եմ նրա նախընտրական շտաբը, գիտեմ, որ նա իր որոշ ընկերների եւ լրատվամիջոցների միջոցով նման ասեկոսեներ է տարածում` փորձում է ինձանից վրեժ լուծել, սեւ PR իրականացնել, քանի որ նախորդ ԱԺ ընտրությունների ժամանակ ես եւ նա հակասություն ենք ունեցել:

Այս անգամ առաջադրվելու Ձեր որոշումը ինչպե՞ս կհիմնավորեք:

Իսկ ո՞վ չի ուզում դառնալ քաղաքապետ: Գիտեք, որ ընտրություններում առաջադրվել էին եւս հինգ թեկնածու, որոնցից չորսը հանեցին իրենց թեկնածությունը: Եթե 6 հոգի առաջադրվել է, նշանակում է` քաղաքն ունի խնդիրներ, եւ մարդիկ խոսք ասելու, գործ անելու ցանկություն ունեն, այդ թվում եւ ես: Նախ` քաղաքը քաղաքի նման չէ եւ եթե այսպես շարունակվի, ապա քաղաքի միայն անունը կմնա, քանի որ քաղաքն այսպես ասած`«խազեին» չունի, պահանջատեր չունի: Մենք ոչ միայն տեղում ենք դոփում, այլ նաեւ հետ-հետ ենք գնում: Ազգաբնակչությունն այսօր դժգոհ է քաղաքի կառավարման որակից, անելիքներն այնքան շատ են, որ ես պատրաստ եմ թեւերս-ոտներս քշտած` գործի լծվել ու քաղաքը խելքի բերել, ինչի համար ունենք մշակված հստակ ծրագիր:

Հայտնի է, որ Արտաշատում մեծ է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազդեցությունը, ու նրանք մատներն ում վրա որ դնում են, նա էլ դառնում է քաղաքապետ: Դուք ո՞ւմ աջակցությունն եք վայելում:

Ես 2000 թվականից առ այսօր հայտնի եմ որպես ընդդիմադիր հայացքների տեր, եւ այժմ իմ շրջապատով ու համախոհներով փորձում ենք ընդգրկվել ընտրական գործընթացում: Որեւէ մեկն ինձ չի սատարում, որովհետեւ ես էլ չեմ դիմել ինձ աջակցելու խնդրանքով: Պարզապես ես կոչ եմ անում շահագրհիռ կազմակերպություններին գալ եւ վերահսկել ընտրական գործընթացը: Ինձ օգնել պետք չի, քարոզել պետք չի, քանի որ մեր քաղաքը փոքր է ու ամեն մարդ գիտի, թե ով` ով է:

Իսկ Ձեզ չի՞ կաշկանդում այն հանգամանքը, որ Գագիկ Մուրադյանը ՀՀԿ-ական է, եւ բնականաբար վայելում է իշխանությունների աջակցությունը:

Իրոք, այսօր ամբողջ վարչակազմը` մարզպետարան, քաղաքապետարան, հարկային տեսչություն, ԴԱՀԿ, ոստիկանություն եւ այլ կառույցներ, ենթադրաբար պետք է սատարեն նրան: Բայց ես տեղեկացված եմ, որ այդ կառույցների ներկայացուցիչ շատ ընկերներ դժգոհ են քաղաքապետի աշխատանքից:

Նա 10 տարի կառավարելով քաղաքը` չի կարողանում լուծել առկա խնդիրներն ու բավարարել բնակչությանը: Քաղաքի խնդիրների սկիզբն ու վերջը չի երեւում` սկսած շենքերի շքամուտքերից, տանիքներից, մինչեւ ջրամատակարարում, փողոցների վերանորոգում, լուսավորում, կանաչապատում, աղբահանություն: Բացի այդ` քաղաքը սկիզբ ու վերջ չունի եւ արտաշատցիները հաճախ դժվարանում են կողմնորոշվել, թե որտեղ է սկսվում եւ վերջանում Արտաշատը: Այո, Գագիկը կիրթ, սիրուն-սիմպատիչնի, ժպտերես անձնավորություն է, բայց որպես քաղաքապետ  հեչ չի փայլում:

Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ հունով է ընթանում գործող քաղաքապետի քարոզարշավը: Նա ի՞նչ կապիտալի վրա է հենվել` առաջադրվելով չորրորդ անգամ:

Մարզպետարանը մի քանի օր առաջ Արտաշատի մշակույթի պալատում`«Սպիտակ տանն» էր հավաքել ուսուցիչներին, մանկապարտեզի աշխատողներին եւ այլոց ու հորդորել անպայման աջակցել Գագիկ Մուրադյանին, քանի որ «նա սկսել է աշխատել»: Ոչ թե աշխատում է, այլ` սկսե’լ է աշխատել:

Նույն այդ հավաքի ժամանակ ուսուցիչներից երկուսը կանգնել ու հայտարարել են.  «Պարոն Մուրադյան, 10 տարի դու մեզ խաբել ես, ասելով, թե մեր բակը կվերանորոգես, խաղահրապարակ կկառուցես: Այս անգամ է՞լ եք խաբելու»: Գ. Մուրադյանը պատասխանել է, թե` չեմ հասցրել կառուցել, ընտրեք, որ հասցնեմ կառուցել: Նա, փաստորեն, 10 տարի շարունակ երգած իր երգը, ինչ պիտի հասցնի, եթե մինչեւ էսօր չի հասցրել: Դատելով նրա կառավարման տրամաբանությունից, եթե մենք վեց ամիսը մեկ անցկացնենք քաղաքապետի ընտրություն, ապա 25 տարում հազիվ կառուցենք խաղահրապարակները: 

Լավ, ձեր ընտրվելու շանսերը որքա՞ն եք գնահատում:

Կարծում եմ, որ իմ ու իմ մրցակցի շանսերը հավասար են` երկուսս էլ կստանանք  քվեների մոտ 40 տոկոսը: Սակայն Մուրադյանն իր 40 տոկոսը հիմնականում  ապահովելու է վարչական ռեսուրսների միջոցով: Ընտրապայքարի առաջիկա մի քանի օրերը ցույց կտան, թե ով կկարողանան իր տոկոսներն ավելացնել:

Զրուցեց Հեղինե Մանուկյանը