Շիրակի մարզի Հովիտ եւ Մուսայելյան համայնքներում վերընտրվել են գործող գյուղապետերը, ովքեր երկուսն էլ հանրապետական կուսակցությունից են: Հովիտում գյուղապետի պաշտոնի համար պայքարել են 3 թեկնածուներ, որտեղ  378 ընտրողներից 156-ը քվեարկել է հօգուտ գործող գյուղապետ Սամվել Պետրոսյանի:

Մուսայելյանում ընտրվել է միակ թեկնածուն՝ գյուղապետ, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Կարեն Խաչատրյանը:
Ընտրախախտումներ, ըստ հանձնաժողովականների, չեն արձանագրվել: Գյուղերում որպես կանոն ընտրություններն անցնում են հանգիստ եւ անցնցում:

«Դիտորդներ չեն եղել, լցոնումներ ու ընտրակաշառքներ էլ  չեն բաժանվել: Մեր գյուղի ընտրություններն ուրիշ են, ձեր իմացած ընտրությունը չէ: Էն որ ասում են արդար, թափանցիկ, այ հենց էդպիսին են»,-ասել է Հովիտ գյուղի բնակիչ , ընտրող Վարդան Սուրենյանը՝ հավելելով, որ ճիշտ է իր ընտրած թեկնածուն չի դարձել գյուղապետ, բայց եւ այնպես ինքը վստահ է, որ ընտրություններն արդար ու թափանցիկ են անցել:

«Ես ուրիշին եմ ընտրել, ճիշտ է մեր գյուղապետից դժգոհ չեմ, բայց մյուս թեկնածուին եմ ձայնս տվել: Բայց գիտեմ, որ Սամվել Պետրոսյանին ընտրողները շատ են եղել»,-հավելել է նա: Ընտրական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Հարությունյանը եւս վստահ է, որ ընտրական գործընթացը կազմակերպվել է օրենքի տառին համապատասխան:

Գյուղական համայնքներում, հանդիպումներ ընտրողների հետ, քարոզարշավային այլ բնույթի միջոցառումներ տեղի չեն ունեցել:
«Թեկնածուներին գյուղացիները լավ են ճանաչում, գիտեն նրանց կատարած գործերի եւ հնարավորությունների մասին, հետեւաբար հանգիստ ընտրական գործընթաց կազմակերպել գյուղական համայնքներում կարելի է»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում հավաստել է Մուսայելյանի բնակիչ Գրետա Մարդոյանը: