Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում փոփոխություններ են կատարվել: Այդ մասին հոկտեմբերի 14-ին «Հայելի» ակումբում հայտարարել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը:

Վերջինս նման եզրահանգման է եկել այն պարզ պատճառով, որ արձանագրությունները ստորագրման արարողությունից հետո չեն հրապարակվել:

Վահան Շիրխանյանը նաեւ հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված ներքաղաքական իրավիճակը Հայաստանում այդքան բարդ չէր լինի, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը: «Այօր արդեն առանց որեւէ կասկածի մենք կարող ենք ասել, թե ում էր պետք հոկտեմբերի 27-ը: Այն պետք էր, որ Հայաստանը դարձնեն թույլ, զիջողական, որ պարտադրեն տարբեր լուծումներ»,- նշել է Վահան Շիրխանյանը:

Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին «մի խումբ ռոմանտիկներ»՝ Նաիրի Հունանյանի ղեկավարությամբ մտան Ազգային ժողով եւ գնդակահարեցին թվով 7 քաղաքական գործիչների՝, այդ թվում՝ վարչապետ Վազգեն Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին: Հանցագործության պատվիրատուներն առ այսօր բացահայտված չեն: