Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները եւ անօթեւան միայնակ տարեցները կառավարության կողմից 2011 թ. կստանան մեկ սենյականոց բնակարաններ: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, հարցը ներառվել է կառավարության հունիսի 30-ի նիստի օրակարգ` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկով:

Սա 2003 թվականից ի վեր նմանատիպ սոցիալական օգնության ամենամեծ փաթեթն է: Նշենք, որ 2003 թվականից առայսօր առանց ծնողական խնամքի մնացած խնամակալների ընտանիքներում գտնվող 6 երեխա է բնակարան ձեռք բերել, իսկ մանկատների 157 շահառու ստացել են բնակարաններ 2003-2007 թվականների ընթացքում:

2007 թվականից հետո  բնակարանների գնման գործընթացում առաջացել են մի շարք խնդիրներ (այդ թվում` չարաշահումներ), որի պատճառով 2008-2009 թվականներին բնակարաններ չեն գնվել: Իսկ 2010, 2011 թվականներին պետական բյուջեով բնակարանների գնման համար գումար ընդհանրապես չի նախատեսվել:

Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության` յուրաքանչյուր տարի մանկատների 35-40 շրջանավարտ եւ շուրջ 10-15  առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ ունենում են բնակարանային խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:

Կառավարության հաստատմանը ներկայացված աջակցության ծրագիրը ենթադրում է բնակարաններ հատկացնել մանկատների 250 շրջանավարտների, առանց ծնողական խնամքի մնացած 111 երեխաների, իսկ Մարալիկ քաղաքում շահագործման կհանձնվեն տարեցների համար նախատեսված 8 շենքեր (160 բնակարան):