Թուրքիայի և Հայաստանի մերձեցումը պետք է ծառայի որպես կատալիզատոր Ադրբեջանի և Հայաստանի փոխհարաբերությունների համար, ադրբեջանական Trend News- ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի Եվրոպայի ենթահանձնախմբի ղեկավար, ԱՄՆ և Թուրքիայի միջև բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ, դեմոկրատ Ռոբերտ Վեքսլերը (ֆլորիդա): Ամերիկան երկու գործընթացներին էլ մեծ նշանակություն է տալիս, բայց ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում բոլոր կողմերն էլ համարձակություն պետք է ցուցաբերեն, մասնավորապես` Ադրբեջանը և Հայաստանը" ասել է Վեքսլերը:

Նրա խոսքով, եթե տարածաշրջանը կայուն լինի, ապա Հարավային Կովկասի դերը միջազգային անվտանգության հարցում կմեծանա:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն արեցին: Այն վերաբերում էր Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման շրջանակների սահմանմանը և հայ-թուրքական հաշտեցման, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» մշակմանը: Հայտարարությունն արվեց օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա` ապրիլի 24-ի նախօրյակին: Սակայն արտաքին քաղաքականության գերատեսչությունների աղմկահարույց հայտարարությունից հետո, որը, դիվանագետների պնդմամբ, հաշտության գնացող կողմերի նկատմամբ ոչ մի նախապայման չէր պարունակում, թուրքական կողմը, ի դեմս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, հայ-թուրքական հաշտեցման հեռանակարը հրապարակորեն կապել էր ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: