Բուրսայում, Աթաթուրքի անվան մարզադաշտում շարունակվում են անվտանգության միջոցառումները: Մարզադաշտում դիվանագիտական անձնակազմի համար առանձնացվել են 150, լրատվամիջոցների ներկայացուցիչների համար 400 հոգու համար նախատեսված տեղեր: Չնայած հայ շատ քիչ երկրպագուներ կլինեն, ՖԻՖԱ-ի օրենքների համաձայն` հայ երկրպագուների համար կնախատեսվի տրիբունայի 1000 տեղ:
Երկու նախագահների անվտանգությունը կապահովի մոտ 70 թիկնապահ: Նախագահների ժամանման ընթացքում Բուրսայի օդանավակայան ելք ու մուտք չի լինի:
Թուրքիայի նախագահը ՀՀ նախագահին հավուր պատշաճի դիմավորելու եւ պատվելու համար հատուկ ծրագիր է պատրաստել: Ինչպես Բուրսայից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Բուրսայի «Ալմիրա» 5-աստղանի հյուրանոցի տնօրեն Յըլըմ Չավդարը հայտնել է, որ այս պահի դրությամբ, երկու նախագահների հանդիպումը նախատեսված է այդ հյուրանոցում: Նա տեղեկացրել է, որ նախագահների համար արդեն սենյակներ են առաձնացվել, իսկ նախագահներին կհյուրասիրեն Բուրսայի խորհրդանիշ՝ շաքարապատ շագանակով եւ թարմ մրգերով: Ըստ Չավդարի՝ նախագահները երեկոյան, խաղից առաջ կընթրեն: Բոլոր ուտեստները մանրակրկիտ կստուգվեն: Ընթրիքը հագեցած կլինի բազմաթիվ ուտեստներով: Աղցաններ, տաք ուտեստներ, գառան կարմրեցրած ազդր եւ այլն:
Խաղին կհետեւեն տեղական եւ օտար լրատվամիջոցների մոտ 400 հավատարմագրված ներկայացուցիչներ:




























