ԼՂՀ Մարտունիի շրջանի Ղուզե Ճարտար գյուղում հունիսի 28-ին հանդիսավորությամբ բացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության հովանավորությամբ կառուցված մանկապարտեզը:
Հիմնադրամի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրն իրականացվել է «Լուդենդո Գրուփ» ընկերության նախագահ Ժան-Միշել Գրինբերգի եւ «Բերենիկ եւ Եվրելիա» ընկերության նախագահ Միշել Փազումյանի նվիրատվություններով` ի հիշատակ Հիմնադրամի բարերար Էմանուել դե Լաբարրի, ով կյանքի վերջին տարիների ընթացքում ակտիվորեն ներգրավված է եղել Հիմնադրամի արցախյան ծրագրերում:
Բացման արարողությանը ներկա են եղել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, կառավարության անդամներ, «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունը, այդ թվում եւ Ֆրանսիայից ժամանած բարերարներ:
Գյուղը մանկապարտեզի կարիք ուներ դեռեւս 1988 թվականից, երբ Ղուզե Ճարտարը, որպես վարչական միավոր, առանձնացավ հարեւան Ճարտար գյուղից: Մինչ նոր շենքի կառուցումը ընդամենը 40 երեխա էր հաճախում մանկապարտեզ, որը գործում էր դեռեւս 1930-ականներին կառուցված դպրոցի նախկին շենքում եւ զբաղեցնում երկու դասասենյակ:
Երկհարկանի նորակառույց մանկապարտեզն ունի գեղեցիկ ու հարմարավետ խաղասենյակներ, ննջարաններ, հանդերձարաններ, կենցաղային տեխնիկայով հագեցած խոհանոց, լվացքատուն, բուժկետ, սանհանգույցներ: Մանկապարտեզն ապահովված է նաեւ կենտրոնական ջեռուցման եւ օդափոխության համակարգերով: Երեխաներն իրենց բացօթյա ժամանցը կարող են անցկացնել արդեն իսկ բարեկարգ խաղահրապարակում:
Մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Հարությունյանի խոսքով, կրթօջախն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 80 երեխայի: Ներկայումս քննարկվում է մանկապարտեզի կրթական ծրագիրը:
Նշենք, որ Ղուզե Ճարտարը ԼՂՀ Մարտունու շրջանի 40 գյուղերից մեկն է եւ գտնվում է ադրբեջանական սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա: Այն այսօր ունի շուրջ 1800 բնակիչ:




























