Մինչեւ գարուն հայ-թուրքական սահմանը կբացվի։ Նման կանխատեսում արեց Հայաստանի հանրպաետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը։ Նա ասաց, որ թեեւ հստակ ժամկետ չի կարող նշել, սակայն հույս ունի, որ հայ-թուրքական արձանագրություները խորհրդարանների կողմից կվավերացվեն մինչեւ գարուն, եւ սահմանը կբացվի։ Զոհրաբյանը նաեւ ընդգծեց, որ հայկական կողմը սպասելու է, որ Թուրքիայի խորհրդարանն առաջինը վավերացնի արձանագրությունները։

Հանրապետական գործիչը հայտնեց, որ Սերժ Սարգսյանը այսօր Բուրսա կատարելիք այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ քննարկելու է արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետների հարցը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18-ին նախագահը մեկնելու է թուրքական Բուրսա քաղաքը Հայաստան-Թուրքիա խաղը նայելու։

ՀՀԿ-ի փոխնախագահը գտնում է, որ արձանագրությունների վավերացման 100 տոկոսանոց երաշխիքներ չկան, սակայն այն, որ երկու կողմերն էլ ստորագրել են արձանագրությունները, արդեն որոշակի երաշխիք է։

«Եթե Թուրքիան չպիտի գնար արձանագրությունների վավերացմանը, ապա ինչ միտք ուներ ստորագրելը եւ դիվանագիտական խաղ սկսելը։ Թուրքիան ոչ մի բան չի շահում ստորագրված արձանագրությունները կիսատ թողնելուց»,- հավելեց նա։