Հայաստանում տիրում է գլամուրային ավտորիտարիզմ: Հայաստանի քաղաքական համակարգին նման գնահատական տվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր կողմից տրված հարցի ու դրան հաջորդած արձագանքների մասին:

Նա նշեց, որ համաձայն չէ Սերժ Սարգսյանի` Փոստանջյանի հարցին ի պատասխան հնչած այն կարծիքի հետ, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որի ցուցիչներից մեկը հարց տալու ազատությունն է: «Մենք խնդիր ունենք իրապես դառնալ ժողովրդավար պետություն, եւ հարց տալով չէ, որ ժողովրդավար են դառնում, այլ գործով են դառնում: Եթե այստեղ փորձում են ցույց տալ, որ Հայաստանը դեմոկրատ պետություն է, ես այդ կարծիքի հետ համաձայն չեմ: ԵԽԽՎ-ում շատ լավ գիտեն, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանում, շատ լավ գիտեն, որ այդ (Սերժ Սարգսյանի-NEWS.am) ելույթից շուրջ մեկ տարի առաջ ինչպես էր ՀՀ իշխանությունն արգելել, որ ես մասնակցեմ ԵԽԽՎ աշխատանքներին»,-նկատեց Փոստանջյանը:

Նա նաեւ անդրադարձավ այն խոսակցություններին, թե իր հարցը եղել է Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված, որպեսզի ՀՀ նախագահը, պատասխանելով այդ հարցին, եւս մեկ անգամ ընդգծի  Հայաստանի ժողովրդավար լինելը: Փաստանջյանն ի պատասխան ասաց, որ իրեն նույնիսկ խնդրել են հարց չտալ Սերժ Սարգսյանին, ինչի մասին գիտեն նաեւ ՀՀ պատվիրակության անդամները: Թե ովքեր էին խնդրողները` պատգամավորը չասաց` ընդամենը նշելով. «Ես հարց եմ հղել ու ասել, որ Դուք ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչ եք, եւ Դուք պետք է գնաք, հեռանաք: Հրաժարական չեմ ասել, հրաժարական պահանջում են այն մադուց, ով իրապես ընտրվել ու ներկայացնում է ընտրությամբ տրված մանդատը»:

Նման շեշտադրումով հարցը, ըստ Փոստանջյանի, դժվար թե լինի պայմանավորված:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ հունիսի 22-ին Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց Սերժ Սարգսյանին, թե` «Հայաստանում ձեւավորվել է ավտորիտար ռեժիմ, 1995 թվականից սկսած ընտրությունները կեղծվել են»: Փոստանջյանն այնուհետ հարցրել է ՀՀ նախագահին, թե չե՞ք ցանկանում միանալ Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությանը, նախաձեռնել արտահերթ, արդար ընտրություններ եւ հեռանալ, քանի որ ավտորիտար ռեժիմները, միեւնույն է, տապալվելու են»: Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել էր. «Ես կարծում եմ, որ Հայաստանում, իրոք, ընթանում են համապարփակ բարեփոխումներ: Մենք բազմաթիվ անգամ կոչ ենք արել մասնակցել այդ բարեփոխումեներին` իրենց գործով, գնահատականներով, իրենց քննադատություններով, ինչպես նաեւ իրենց կառուցողական առաջարկություններով: Ո’չ, ես չեմ պատրաստվում անցկացնել արտահերթ ընտրություններ, որովհետեւ դրա ոչ անհրաժեշտությունը կա, ոչ էլ մեր Սահմանադրությունն է նման հնարավորություն տալիս այդպես հեշտությամբ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: