Արդյո՞ք Դաշնակցությունը, ի վերջո, պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը, հաշվի առնելով, որ արձանագրություններին դեմ հանդես եկող ուժերից «Ժառանգությունն» ու «Նոր ժամանակներ»-ը արդեն նման պահանջ են առաջ քաշում: Լրագրողների այս հարցին ի պատասխան Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք 12 կուսակցություններով հավաքվել ենք մեկ օրակարգով. Հայ-թուրքական արձանագրությունները վտանգավոր են, նրանք չպետք է ստորագրվեին, իսկ հիմա, երբ ստորագրվել են, պետք է տապալվեն Ազգային ժողովում: Սա է ընդհանուր նպատակը, իսկ այդ կուսակցություններից յուրաքանչյուրն ազատ է իր միջոցներն ընտրել նպատակին հասնելու համար»։ Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա նրա խոսքով, եթե այդ միջոցներից մնա այդ վերջինը, իրենք չեն վարանի:
«Իսկ օրինակ Հայ ազգային կոնգրեսի համար իշխանափոխությունը նպատակ է, ոչ միջոց, եւ իրենք իրենց նպատակի համար օգտագործում են Ղարաբաղը, սոցիալական դժվարությունները, հայ-թուրքական զարգացումները եւ այլն: Մեր նպատակն այլ է»,- ասաց նա, իսկ երբ լրագրողները կրկին փորձեցին հասկանալ, թե ի վերջո, այս պահին ՀՅԴ-ն նախագահի հրաժարականի պահանջ առաջ քաշում է, թե շարունակում է պնդել բացառապես Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, Վ. Հովհաննիսյանն այդ հարցին չպատասխանեց՝ նշելով. «Դուք այդպես էլ չհասկացաք, թե ես ինչ ասացի»:
Այնուհետեւ անդրադառնալով այսօր Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը դիտելու համար Սերժ Սարգսյանի Բուրսա այցելությանը՝ նա ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը չպետք է գնա Թուրքիա, քանի որ իր հայտարարած իրավիճակը այսօր չկա: «Նախագահը հայտարարել էր, որ Թուրքիա կգնա եթե սահմանը բաց լինի, կամ բացվելը լինի ակնհայտ։ Բայց դա էլ չկա, որովհետեւ բազմաթիվ անգամ թուրք պաշտոնյաները հայտարարեցին, որ սահմանը չի բացվի, մինչեւ ԼՂ խնդիրը Ադրբեջանին հարմար ձեւով չլուծվի: Եթե մեր իշխանությունները պատրաստ են գնալ նաեւ այլ զիջումների, որ սահմանը բացվի, դա այլ խնդիր է, իսկ այս պահին նման հիմք չկա»,- ընդգծեց Վ. Հովհաննիսյանն ու հավելեց. «Այս պրոցեսների արհեստական արագացումը զրկում է Հայաստանին մանեւրելու հնարավորությունից, իսկ սահմանի բացման հեռանկար չեմ տեսնում»:




























