Երեւանում այսօր` հունիսի 29-ին «ԱրմենՏել» ընկերության վարչական շենքում տեղի է ունեցել Հայաստանի համակարգչային խաղերի 5-րդ բաց առաջնության հաղթողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայից NEWS.am-ին հայտնում են, որ համակարգչային խաղերի Համաշխարհային առաջնության ծրագրում ներառված պաշտոնական մարզաձում հաղթել են 27-ամյա տնտեսագետ Էդմոն Գրիգորյանը (FIFA 2011) եւ 24-ամյա ծրագրավորող Հայկ Հակոբյանը (StarCraft 2):
Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը եւ ՀՀ-ում «Սամսունգ Էլեկտրոնիքսի» ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը չեմպիոններին հանձնել են ուղեգիր դեպի Պուսան (Հարավային Կորեա), որտեղ նրանք կներկայացնեն Հայաստանը կիբեռխաղերի Համաշխարհային մրցաշարում:
Այդ մրցաշարին մասնակցելու իրավունք ստացան նաեւ երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված Լեւոն Սաքեյանը, Մհեր Եղիազարյանը, Պավել Արամյանը եւ Բագրատ Դաբաղյանը: WCG Հայաստանի առաջնության թիմային եւ անհատական մարզաձեւերի հաղթողները պարգեւատրվեցին Samsung ընկերության արտադրության համակարգչային տեխնիկայով: «ԱրմենՏել» ընկերության հատուկ մրցանակի` նեթբուք եւ մեկ տարի անվճար Hi-Line ծառայության բաժանորդագրմանն է արժանացել WCG Հայաստանի առաջնության իգական սեռի միակ մասնակից` Օլգա Ֆեդորենկոն:
«Այսօր, երբ միասնական օպերատոր` «ԱրմենՏել» ընկերության ջանքերով երկրում ստեղծված են արագ եւ մատչելի ինտերնետի բոլոր նախադրյալները, մենք կարող ենք ուշադրություն դարձնել նաեւ Հայաստանում կիբեռսպորտի զարգացմանը: Մաղթում եմ մեր երիտասարդներին պատվով ներկայացնել երկիրը համակարգչային սպորտի աշխարհում կայանալիք խոշորագույն միջոցառմանը», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կազմկոմիտեի տվյալներով, WCG Հայաստանի 2011 առաջնությանը մասնակցել է 150 երիտասարդ, որոնցից 36 տարբեր անվանակարգերում դարձել է մրցանակակիր: Համակարգչային խաղերի համաշխարհային հովանավորն է «Սամսունգ Էլէկտրոնիքս» ընկերությունը, իսկ Հայաստանի ազգային առաջնությանը` «ԱրմենՏել» ընկերությունը: Մրցաշարին համակարգիչները տրամադրել է Fine ընկերությունը:




























