Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալին՝ իր հետ հանդիպելու պատրաստականության համար,- հաղորդում է թուրքական «Զաման» թերթը։

«Դա դրական քայլ է։ Ես հիմա չեմ գնահատի նամակի բովանդակությունը, սակայն ես դա կանեմ հանդիպման ընթացքում»,- հայտարարել է Էրդողանը՝ իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության անդամների հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը։ Թերթը նշում է, որ վեց էջանոց նամակում Բայքալը, մասնավորապես, ընդգծել է, որ պատրաստ է հանդիպել վարչապետի հետ ցանկացած օր, օրվա ցանկացած ժամի, եթե իհարկե, հանդիպման օրը իրեն հայտնվի նախօրոք։ Իր նամակում Բայքալը հայտնում է, որ մեկնարկած հայ-թուրքական գործընթացը, ավելի շուտ բաժանում, քան միավորում է երկիրը։

«Մենք չպետք է քննարկենք սոցիալապես էական հարցերը փակ դռների հետեւում։ Մենք պետք է հարգենք այն հարցերին տեղեկացված լինելու քաղաքացիների իրավունքը, որոնք վերաբերում են նրանց ապագային»,- նշում է իր նամակում Բայքալը։ Նա նշել է նաեւ, որ դեմ չէ իրենց հանդիպման հեռուստահեռարձակմանը։ Բայքալն իր նամակում հիշատակել է նաեւ քրդական խնդրի վերաբերյալ ԺՀԿ 3 զեկույցների մասին. դրանք են՝ «Արեւելյան եւ հարավային խնդիրների մոտեցումներն ու դրանց լուծման ճանապարհները-1989», «Բացի թուրքերենից, այլ լեզուների օգտագործման մասին օրինագիծ-1991» եւ «Արեւելյան ու հարավային խնդիրների շուրջ ԺՀԿ-ի ծրագրի մասերը-2008»։

Իր համակուսակիցների հետ հանդիպմանը Էրդողանն ասել է, որ խորհրդարանում տեղի կունենա հայ-թուրքական հարցին նվիրված բաց նիստ։ «Մենք հնարավորություն ունենք սկսված գործընթացի հետագա զարգացումը քննարկել խորհրդարանականների ու ողջ ազգի հետ։ Յուրաքանչյուր քայլ իրականացվելու է հասարակական հավանության առկայության պարագայում։ Դա գաղտնի գործընթաց չէ»,- նշել է նա։

Թերթը հայտնում է, որ հոկտեմբերի 8-ին Էրդողանը նամակ է հղել Բայքալին՝ հանդիպելու խնդրանքով։ Երկու առաջնորդները չեն հանդիպել հուլիս ամսից, երբ կառավարությունը հայտարարել էր ժողովրդավարական նախաձեռնության մասին։