Թերթը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզանում ցանկալի արդյունք չի տալիս այն պարզ պատճառով, որ դրանով զբաղվում է բյուրոկրատիան։
«Բանն այն է, որ բյուրոկրատիան, որտեղ տիրում են կորպորատիվ համերաշխությունն ու գերատեսչական շահերը, հարմարեցրել է կոռուպցիայի դեմ պայքարն իր սեփական չափանիշներին եւ առավելագույնս հեռացրել հասարակությանը այդ խնդրի լուծումից։
Բայց երբ կոռուպցիայի մեջ չինովնիկի մեղավոր լինել կամ չլինելը որոշում է մեկ այլ՝ նույնպիսի չինովնիկ, ապա պետության հակակոռուպցիոն նախաձեռնությունների արդյունավետությունը հանգում է զրոյի։ Այսինքն՝ իրական գործողությունները նենգափոխվում են վերադաս ատյաններին ներկայացվող ձեւական հաշվետվությունների եւ «կատարված աշխատանքում հաջողությունների մասին» զեկույցների։
Դրա համար էլ կոռուպցիային ցուցաբերվող հակազդեցության մասին լրջորեն խոսելու համար պետությունը պետք է փոխի հակակոռուպցիոն մեխանիզմների մշակման գաղափարախոսությունը։ Խնդիրը միայն այն է, թե ով պիտի մշակի այդօրինակ մեխանիզմները։
Քանզի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ բյուրոկրատիան մեզանում անդադար աճում է։ Իշխանության բյուրոկրատական բուրգը մոլի համառությամբ ձգտում է «ծածկել» հասարակական հարաբերությունների բառացիորեն բոլոր ոլորտները, ներթափանցել հասարակության կյանքի բոլոր բնագավառներ՝ կանոնակարգելով ու սահմանափակելով նրա իրավունքներն ու ազատությունները։
Ըստ որում իշխանության բուրգի անծայրածիր լաբիրինթոսներում կորսվում է ոչ միայն ամենավերեւում ընդունված որոշումների սկզբնական իմաստը, այլեւ չինովնիկների պատասխանատվությունը վերադաս ատյանների առջեւ։
Հենց վերադաս ատյանների, այլ ոչ թե հասարակության։ Հասարակության շահերին ծառայող կազմակերպություն լինելու փոխարեն, հայրենի բյուրոկրատիան վերածվել է այդ հասարակությանը խժռող հրեշի։ Չթողնելով նրան եւ ոչ մի հույս։ Իսկ երբ ժողովուրդը հույս չունի, երկիրը չունի ապագա։
Այո, պետությունը չի կարող գործել առանց բյուրոկրատիայի։ Սա աքսիոմ է։ Բայց անթույլատրելի է, երբ բյուրոկրատիան սկսում է փոխարինել պետությանը։ Երբ որոշակի լիազորություններով օժտված եւ ենթակա ապարատ ունեցող չինովնիկը իշխանության ներկայացուցչից վերածվում է իրեն վստահված տարածքում քաղաքացիների առանձնաշնորհներն ու կենսական սկզբունքները նախորոշող իշխանական ինքնուրույն կառույցի։
Այսօր պետական բյուրոկրատական համակարգը հոգ է տանում բնավ ոչ կոռուպցիայի պատճառների վերացման մասին, եւ ոչ էլ նույնիսկ իշխանության ներկայացուցիչների գործողություններին հասարակության արձագանքի։ Այդ համակարգը հոգ է տանում միայն իր համար վատ հետեւանքների վերացման մասին։ Այսինքն՝ ինքնապահպանման բնազդը գերակշռում է մնացյալ բոլոր հույզերի նկատմամբ։
Հասարակությունն ու բյուրոկրատիան ապրում են ասես երկու զուգահեռ աշխարհներում»,- գրում է «Հայոց աշխարհը»։




























