Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՄԱԿ-ին առաջարկել է համագործակցության հուշագիր ստորագրել, որով այդ երկու կազմակերպությունները միասին պետք է դիմագրավեն ահաբեկչությանը, թմրամիջոցների տարանցմանը եւ զենքի անօրիանական շրջանառությանը: Գրում է «Կոմերսանտ»-ը: Ըստ թերթի, այդ փաստաթուղթը թույլ կտա ՀԱՊԿ-ին խաղաղապահ գործողություններ իրականացնել եւ ըստ էության, կազմակերպությանը կտա ՆԱՏՕ-ի կարգավիճակին մոտ կարգավիճակ: ՆԱՏՕ-ն նման համաձայնագիր ՄԱԿ-ի հետ կնքել է 2008 թվականին, որը առաջ է բերել Ռուսաստանի դժգոհությունը:

Այս հուշագիրը ներկայացվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի կողմից: Դեռ այդ փաստաթուղթը չի ստորագրվել, բայց այն հայտնվել է «Կոմերսանտ»-ի էջերում: Թերթը նշում է, որ այս կերպ կարելի կլինի հասնել ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների:

Դեռեւս այս տարվա փետրվարին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն արդեն համեմատել է ՀԱՊԿ-ի պոտենցիալը ՆԱՏՕ-ի պոտենցիալի հետ: Այդ ժամանակ խոսքը գնում էր ռազմական հնարավորությունների մասին: Շատերը ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը համարում են Վարշավյան պայմանագրի նոր տարբերակը: Խաղաղ ժամանակ նրանք պետք է գտնվեն ազգային տարածքներում, իսկ մնացած դեպքերում պետք է գործեն ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության համար:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է 1992 թվականին, որի կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: