Հռոմեական Նորթումբերլենդ նահանգի Վինդոլանդ ամրոցում հնագետները հայտնաբերել են ավազաքարից բարձրաքանդակ՝ մ.թ. IV դարի շինության հատակի մեջ զմռսված: Բարձրաքանդակը պատկերում է նիզակով մերկ մարդու, որը կանգնած է ձիու կամ ավանակի դիմաց: 31 սանտիմետր բարձրությամբ եւ 16 սանտիմետր լայնությամբ քարը հիանալի պահպանված է, դրա վրա նույնիսկ ջարդված կտորներ չկան, հայտնել է Planet-today-ը:   

Վինդոլանդի պեղումների աշխատանքներին հետեւող թիմերից մեկի անդամ Հնագետ Մարթա Ալբերտին այժմ լրացուցիչ տվյալներ է փնտրում ՝ փորձելու համար պարզել, թե ում բարձրաքանդակն է: Բարձրաքանդակը շատ հուշումներ է տալիս: Մարթա Ալբերտին նշում է, որ «մարդու մերկությունը նշանակում է, որ նա, հավանաբար, աստված է, ոչ թե պարզապես ձիավոր: Աջ ձեռքում նիզակ ունի՝ պատերազմի աստծու՝ Մարսի ատրիբուտը: Այնուամենայնիվ, գլխին նայելիս՝ այդ դետալները կարելի է նույնացնել թեւերի հետ՝ ճանապարհորդության աստծու՝ Մերկուրիի ատրիբուտը: Ձիերն ու ավանակները եւս հաճախ կապված են ճանապարհորդների պաշտպան Մերկուրիի հետ»:   

Մեկ այլ հուշումը վայրն է, որտեղ բարձրաքանդակը գտնվել է: Շինությունը, որտեղ այն հայտնաբերվել է հատակի մեջ զմռսված, IV դարի հեծելազորային զորանոցի տարածք է հիշեցնում: Ամրոցի այս հատվածում տեղակայված մարտիկները կարող էին ունենալ իրենց պատկերացումները Մարսի կամ Մերկուրիի մասին, կամ երկրպագել աստծո մեկ այլ՝ մինչ այժմ անհայտ վարկածի՝ համատեղելով երկուսի հատկությունները: