Ի նշան Ռուսաստանում հոկտեմբերի 11-ին կայացած տեղական մարմինների ընտրությունների արդյունքների դեմ բողոքի՝ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Պետական դումայի նիստերի դահլիճից հեռացել են երեք ընդդիմադիր կուսակցություններ։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», ՌԴ կոմունիստական, «Լիբերալ-դեմոկրատական» եւ «Արդար Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչները Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ անհապաղ հանդիպում են պահանջում, քանի որ ընտրությունները կեղծ են համարում։ Խախտումները, ինչպես իրենք են հավաստիացնում, ընթացել են հօգուտ «Միասնական Ռուսաստան» կուսակցության, որը հոկտեմբերի 11-ին բոլոր 75 տարածաշրջանային ընտրություններում հաղթող է ճանաչվել։
Ինչպես հայտնում է The Moscow Post-ը՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ընդգծել է, որ իրենք կվերադառնան այն բանից հետո, երբ կխոսեն Մեդվեդեւի հետ։ «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցությունը՝ ձայների վերահաշվարկ է պահանջում։
«Եթե մեր կուսակցությանը անգամ թույլ չեն տալիս արտահայտել իր կարծիքը, ապա կուսակցությունների մեծամասնությունը թող իրենք որոշում ընդունեն բոլոր հարցերի վերաբերյալ»,-հայտարարել է «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Նիկոլայ Լեւիչեւը։ Իր հերթին՝ Պետական դումայի պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը հայտարարել է, որ ընտրության օրը իշխանական կուսակցությունը «ժանիքներ է ցուցադրել»։




























