Պարբերականը տպագրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հարցազրույցի շարունակությունը:
Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
Հայաստանում ցանկացած պաշտոնյա բիզնես ունի, եւ դա մեծամասամբ գրանցված չէ իր կամ իր մերձավորի անունով: Այս պարագայում դժվար թե պաշտոնյան ստացված կաշառքը կամ նվերը հայտարարագրի: Եւ այդ օրենքն ինչպե՞ս պետք է լուծի Ձեր թվարկած խնդիրները:
Դուք որպես հասարակության նեկայացուցիչ` հնարավորություն ունենք հետեւելու, թե վարչապետն ինչ եկամուտներ է ստանում, եւ նրա ծախսերը համադրեք այդ եկամուտների հետ: Եթե դուք տեսնեք, թե համադրելի չեն, պահանջում եք բացատրություններ, թե ինչ գումարներով է նա ձեռք բերել այս կամ այն ունեցվածքը: Նրա հայտարարագրած եկամուտներն այդ հնարավորությունը տալիս են: Օրենքը թույլ է տալիս ներկայացնել ոչ միայն իրենց սեփական գույքն ու եկամուտները, այլ իրենց հետ փոխկապակցված անձանց հայտարարգրերը: Իսկ հանրային վերահսկողությունը մեր անձի նկատմամբ դա հենց այն զսպաշապիկն է, որ մենք հագցնում ենք պաշտոնյաների վրա, որը նրանց դարձնում է թափանցիկ, մյուս կողմից չափավոր` իրենց կենցաղավարության մեջ:
…Դուք լուրջ դիմադրությո՞ւն եք զգում օլիգոպոլիաների կողմից հարկերի հավաքագրման համար:
Իհարկե: Տասնյակ դատական վեճեր ունենք այսօր, իսկ ՏՄՊՊՀ-ն բացահայտում է խախտումները, տուգանում մարդկանց, բայց մարդիկ դիմադրում են ու չեն համակերպվում, բողոքարկում են այդ որոշումները: Նմանատիպ բազմաթիվ դատական վեճեր ունի նաեւ Պետեկամուտների կոմիտեն, երբ տնտեսվարող սուբյեկտները բողոքարկում են նաեւ նրա ակտերը: Այնպես որ, ակնհայտ փաստ է, որ կա դիմադրություն:




























