Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ այսօր` հունիսի 30-ին հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՌԴ նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահին, որում, մասնավորապես, ասված է.
«Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վստահորեն շարժվում է պետականաշինության, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդման ուղով: Հանրապետության կայուն եւ աստիճանական զարգացումը, իրապես, Ձեզ հեղինակավոր քաղաքական գործչի համբավի է արժանացրել:
Մեծ հարգանք է ներշնչում Ձեր անձնական նշանակալի ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Գնահատում եմ մեր կանոնավոր եւ արդյունավետ շփումների ընթացքում ձեւավորված մթնոլորտը, որը նպաստում է երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակի կառուցողական քննարկմանը:
Համոզված եմ, որ բազմապլան միջպետական կապերի խորացման, տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ երկկողմ տրամադրվածությունը, տարածաշրջանային միավորումների շրջանակում սերտ կոորդինացիան՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման եւ Անդրկովկասում կայունության ու խաղաղության պահպանման կարեւորագույն գործոն է»:




























