Թեպետ կազանյան հանդիպումից առաջ բավական մեծ աշխուժություն կար եւ ճոխ հայտարարություններ էին արվում, սակայն փաստ է, որ այնտեղ ոչինչ էլ տեղի չունեցավ, հանդիպման ընդհանրական գնահատականը եղավ հիասթափությունը։ Հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։

«Այս անգամ պարզ ու հստակ հայտարարվեց, որ գոյություն ունեն խնդիրներ, որոնց լուծումը պետք է հիմնարար սկզբունքների ընդունման պայմաններ ապահովի։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ կազանյան հանդիպումից հետո ընդհանուր, միացնող գնահատականը անխտիր բոլորի հիասթափությունն էր։ Էականն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից մինչ այս պահը հանդիպման վերաբերյալ պաշտոնական գնահատական չի տրվել։ Սա ինքնին ինտրիգ է մտցնում իրավիճակի մեջ։ Այդ է պատճառը, որ մենք կազանյան հանդիպմանը հաջորդող ժամանակահատվածում առավել ուշադիր պետք է լինենք՝ տեսնելու համար, թե հետագա ինչ միտումներ կարող են լինել»,- նկատեց Մանվել Սարգսյանը։

Փորձագետը հատկանշական համարեց, որ կազանյան հանդիպումից առաջ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն հայտարարել էր՝ եթե Կազանում առաջընթաց չլինի, ԵԱՀԿ Մինսկի խումբը ստիպված կլինի փոխել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր մոտեցումները եւ կոնցեպտը։

Ամփոփելով՝ Սարգսյանն ընդգծեց, որ որոշակի գործոնների առկայության պարագայում հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկայում  կարող են լուրջ փոփոխություններ արձանագրվել։ «Միաժամանակ, շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ադրբեջանը հեշտորեն չի համաձայնի ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը ,- նկատեց փորձագետը։