Հայաստանում թրաֆիքինգի ոլորտում խնդիրներ իսկապես կան, եւ պետք է ձգտել արագ կարգով վերացնել դրանք: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդկանց առեւտրի մասին վերջին զեկույցը: «Հայկական կողմը ջանքեր է գործադրում բարձրացնելու արդյունավետությունը թրաֆիքինգի դեմ պայքարում»,- ասել է նա:
Աշխատանքային խմբի ղեկավարը նկատել է, որ Հայաստանը մնացել է երկրորդ խմբում եւ այդ իմաստով հայկական կողմի ակնկալիքներն արդարացել են: «Շատ բան արվում է, բայց դեռ մեծ գործ էլ կա անելու: Կան թերություններ եւ խնդիրներ, որոնք պետք է վերացնել»,- արձանագրել է Կաժոյանը՝ հավելելով, որ զեկույցը պատրաստվել է հայկական կողմի ներկայացրած տեղեկությունները հաշվի առնելով: Նրա խոսքով, եթե աշխատանքները տարվեն, ինչպես տարվել են, ապա Հայաստանը շուտով կարող է հայտնվել 1-ին խմբում: Սակայն, եթե ջանքերը չշարունակվեն, հնարավոր է հետընթաց: Ընդ որում Վահրամ Կաժոյանը կտրուկ անհամաձայնություն է հայտնել ներքին աշխատանքային թրաֆիքինգի առկայության դիտողության մասին: Նրա խոսքով, հարկադիր աշխատանքն ու թրիաֆիքինգը բոլորովին էլ նույնը չէ:
Նշենք, որ ըստ զեկույցի սեռական թրաֆիքինգի հիմնական հոսքը Հայաստանից ուղղված է Թուրքիա եւ ԱՄԷ, այժմ էլ նաեւ դեպի Գերմանիա:




























