Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում շատ հստակ բացատրեց միջազգային հանրությանը, որ Հայասատանն, անսալով նույն այդ միջազգային հանրության ցանկությանը` իր հասարակությանը պատրաստում է խաղաղության, այլ ոչ` պատերազմի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 30-ին հայտարարեց ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի` ԵԽԽՎ-ում հայտնած այս միտքը սխալ ընկալվեց Հայաստանում:
«Այն, որ Հայաստանը պատերազմի, ռեւանշիզմի քարոզներ չի անում, սակայն դրան հակառակ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում, սա մեծ զիջում է Հայաստանի կողմից Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ֆոնին»,-հայտարարեց Իսագուլյանը: Նա նաեւ նշեց, որ Հայաստանի կողմից զիջում է նաեւ ԼՂՀ անկախությունը չճանաչելը:
«Այսինքն, զինադադարի ստորագրումից հետո Հայաստանն իր գործունեության 17 տարիների ընթացքում բոլոր զիջումներն արել է քայլ առ քայլ: Հիմա անհրաժեշտ է, որ միջազգային հանրությանը ցույց տանք, որ հարգելիներս, Հայաստանն այլ եւս զիջման տեղ չունի, քանի որ որեւէ զիջում չի բերել Ադրբեջանի դիրքորոշման ավելի մեղմացման եւ կամ ռազմատենչ հայտարարությունների դադարեցման»,-նկատեց ասուլիսի հյուրը:




























