Երկուշաբթի գիշեր հզոր պայթյուն է տեղի ունեցել Բանգկոկի մերձակա Բանգփհլի շրջանում, տուժել է ավելի քան 20 մարդ, պայթյունից հետո հրդեհ է սկսվել, որը շարունակվում է մինչեւ ներկա պահը, շրջանի բնակչությունը տարհանվում է  ձեռնարկությունից հինգ կիլոմետր շառավղով հեռու, երկուշաբթի տեղեկացնում է Թաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 03.20-ին, գրանուլացված պոլիէթիլենի արտադրության գործարանում, Բանգփհլի շրջանի Քինգկեո փողոցում, Բանգկոկի օկրուգային ավտոմայրուղու մոտ։ Շրջանը, որը վարչական առումով պատկանում է Սամուրփրաքան նահանգին, գտնվում է Բանգկոկի Սուվաննափհումի միջազգային օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռու։

Պայթյունի ալիքը կոտրել է դռների եւ պատուհանների ապակիները եւ ավերածություններ առաջացրել պայթյունի վայրից մեկ կիլոմետր շառավղով, եւ կոտրել է քիմգործարանից երկու-երկուսուկես կիլոմետր հեռու գտնվող շինությունների ապակիները, տեղեկացնում է հեռուստաալիքը։

Շրջանի իշխանությունների տեղեկատվությամբ, որին վկայակոչում է հեռուստաալիքը, պաթյունից տուժել է ավելի քան 20 մարդ, նրանք բոլորը հասցվել են հիվանդանոցներ։ Գործարանը գտնվում է այն գոտում, որտեղ գտնվում են ե՛ւ ձեռնարկություններ, ե՛ւ բնակելի տներ ու պահպանվող քոթեջային գյուղակներ, որոնցում նույնպես պայթյունի հետեւանքով վնասվել են դռներն ուպատուհանները։

Սամուրփրաքանի նահանգապետի կարգադրությամբ կազմակերպվել է ողջ բնակչության տարհանում գործարանից հինգ կիլոմետր շառավղով հեռու, որտեղ շարունակվում է հրդեհը եւ կա նոր պայթյունների հավանականություն։ Պայթյունի շրջանում օդի քիմիական թունավորման մասին առայժմ չի տեղեկացվում։