Երեքշաբթի օրը Չեխիայի հյուսիս-արեւմուտքում Ուստեցկի շրջանի Լովոսիցե քաղաքում գտնվող կենսավառելիքի գործարանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում չորս մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է Չեխական հեռուստատեսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Տուժածներից մեկը ծանր վնասվածք է ստացել եւ փրկարարական ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց: Պայթյունի ալիքը մետաղական թիթեղների կույտերը շպրտել է տասնյակ մետրեր այն կողմ, որոնք ձեռնարկության արտադրամասերից մեկի շենքի մի մասն էին կազմում: Դրանք, մասնավորապես, ընկել են գործարանի տարածքի մոտով անցնող երկաթուղու մի հատվածի վրա: Գնացքների ընթացքն այնտեղ կանգնեցվել է:

Պայթյունը տեղի է ունեցել Preol ընկերությանը պատկանող գործարանում: Դա Չեխիայի Հանրապետությունում կենսավառելիքի ամենամեծ արտադրողն է: Դեպքի վայրում աշխատում են  փրկարարներն ու հրշեջները: Հեռուստատեսությունը հաղորդել է, որ  թունավոր նյութեր օդ չեն արտանետվել: