Երկուշաբթի երեկոյան Կոսովսկա Միտրովիցա քաղաքի հյուսիսային սերբաբնակ հատվածում քաղաքացիները դուրս են եկել խաղաղ բողոքի ցույցի ազգայնականության աճի եւ ալբանացիների աճող հարձակումների կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Kossev պորտալը:
Հուլիսի 2-ին Սերբիայի կառավարության Կոսովոյի եւ Մետոհիայի գրասենյակը հաղորդել էր, որ ալբանացիների մի խումբ Կոսովոյի Վուչիտրն քաղաքի մոտ հարձակվել է սերբ դեռահասի վրա, պոկել նրա խաչը եւ դաժան ծեծի ենթարկել, ինչից հետո վերջինս հոսպիտալացվել էր: 13-ամյա տուժածի հայրը բողոք էր ներկայացրել Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանություն, հանցագործները դեռ չեն հայտնաբերվել:
Կոսովարի մի քանի տասնյակ սերբեր երկուշաբթի երեկոյան ազգային դրոշով հյուսիսային Կոսովսկա Միտրովիցայի կենտրոնում իշխան Լազար Կոսովսկու հուշարձանից քայլեցին դեպի Իբար գետի կամուրջը, որը քաղաքը բաժանում է սերբական հյուսիսային եւ ալբանական հարավային մասերի:
«Մեր ակցիայի պատճառը ոչ թե մի միջադեպ է, այլ բոլոր այն միջադեպերը, որոնք տեղի են ուցել այս տարի: Դրանք բոլորը ուղղված էին Կոսովոյի սերբական համայնքի դեմ. տարեսկզբից դրանց թիվը 70 է»,- պորտալը մեջբերում է երթի կազմակերպիչներից մեկին՝ Ալեքսանդր Արսենիեւիչին:
Նա Կոսովոյի միջազգային կազմակերպություններին կոչ է արել դադարել քաղաքական հայտարարություններ անել մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ եւ «անմիջականորեն մտնել իրավիճակի մեջ»:
«Այդ ժամանակ նրանք կտեսնեն, որ ալբանական ազգայնականությունն այժմ վերելք է ապրում, այն ավելի ու ավելի վառ է այրվում»,- ընդգծել է Կոսովոյի սերբերի ներկայացուցիչը:





























