Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ չի բացառում տրանսպորտի տարանցման սահմանափակումը հանրապետության դեմ արեւմտյան պատժամիջոցների նոր փուլերի դեպքում:
«Իսկ եթե Բելառուսի դեմ համապատասխան իրավիճակը սրվի պատժամիջոցների նոր փուլերով, ապա դուք շրջանցելու եք (Բելառուսը) Հյուսիսային բեւեռով եւ Միջերկրական ծովով»,- ասել է Լուկաշենկոն երեքշաբթի Մինսկում պատժամիջոցներին հակազդելու թեմայով խորհրդակցությանը: Նրա խոսքերն իր կայքում մեջբերում է «ՍԲ. Բելառուսն այսօր» պետական պարբերականը:
Բելառուսի նախագահը շեշտել է, որ հանրապետության իշխանությունները դեռ իրենց «մարդկային» են պահում համավարակի պայմաններում բեռնատարների, թեթեւ տրանսպորտային միջոցների եւ այլնի տարանցման ու տեղաշարժի հարցում»:
2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթեց Լուկաշենկոն, ով, ըստ ԿԸՀ-ի, հավաքել էր ձայների 80.1 տոկոսը, երկրում ընդդիմության զանգվածային բողոքներ սկսվեցին, որոնց ճնշման համար անվտանգության ուժերը, ի թիվս այլ բաների, հատուկ միջոցներ եւ հատուկ սարքավորումներ կիրառեցին: Փետրվարի 11-ին Բելառուսի ԱԱԿ-ն հայտարարել էր, որ երկրում իրավիճակը կայունացել է, բողոքի ցույցերի գագաթնակետն անցել է, դրանց դրսեւորումները գրեթե զրոյացվել են:
Ընտրություններից հետո Բելառուսի եւ Արեւմուտքի երկրների հարաբերությունները կտրուկ վատթարացել են, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան եւ մի շարք այլ երկրներ աստիճանաբար պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի պաշտոնյաների, ինչպես նաեւ առանձին ձեռնարկությունների դեմ՝ մեղադրելով Մինսկին ընտրախախտումների եւ մարդու իրավունքների խախտման մեջ: Հունիսին ԵՄ-ն տնտեսական պատժամիջոցներ էր սկսել կիրառել Բելառուսի դեմ:





























