ԱՄՆ-ը չպետք է միջամտի Վենեսուելայի ներքին գործերին, որն ամուր եւ հուսալի ընտրական համակարգ ունի։ Երեքշաբթի այսպիսի հայտարարություն է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի մայրաքաղաք Կարակասում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ՝ նվիրված նոյեմբերի 21-ին կայանալիք տարածաշրջանային եւ քաղաքային ընտրություններին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մի միջամտեք Վենեսուելայի ներքին գործերին, մի միջամտեք ներքին ընտրական գործընթացին, դուք մեր հանրապետության տերերը չեք, իսկ Վենեսուելան ԱՄՆ գաղութը չէ»,- Վենեսուելայի նախագահի խոսքերը մեջբերում է EFE գործակալությունը։ Մադուրոն ընդգծել է, որ իր երկրում գոյություն ունի «աշխարհում ամենալավ ընտրական համակարգը, որը երաշխավորում է դեմոկրատական պրոցես (ընտրություններում)՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»։

«Մենք թույլ չենք տա, որ որեւէ մեկը վնաս հասցնի (երկրում կառավարող Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցության - ՎՄՍԿ) ներքին միասնությանը»,- ասել է Մադուրոն։ Միեւնույն ժամանակ, նա զգուշացրել է նրանց, ովքեր կփորձեն պառակտում մտցնել ՎՄՍԿ-ում՝ օգտագործելով ներքին կամ օտարերկրյա ֆինանսավորումը։

Վենեսուելայի նախագահը հիշեցրել է, որ նոյեմբերյան ընտրություններին կարող են մասնակցել ընդդիմության ներկայացուցիչները։ «Կգրանցվեն բոլոր թեկնածուները, ովքեր պետք է գրանցված լինեն»,- ընդգծել է Մադուրոն։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը նոյեմբերի 21-ին նշանակված ընտրություններին թույլ է տվել մասնակցելու «Դեմոկրատական միասնության կլոր սեղան» կոալիցիային, որը մեծամասնություն ուներ 2016-2020թթ. կառավարությանն ընդդիմադիր խորհրդարանում։ Կամարտահայտման գործընթացին կմասնակցեն 8 համազգային եւ 12 տարածաշրջանային կազմակերպություններ։