ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհումից վեց ամիս անց ավելի քան 535 ամերիկացու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ապօրինի գործողություններին մասնակցության մեջ: Այս մասին հայտնում է Hill պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալները:
Նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ հարձակման 495 մասնակից մեղադրվում է պահպանվող դաշնային շենքում եւ հարակից տարածք մուտք գործելու եւ այնտեղ գտնվելու մեջ, 235-ը՝ դատավարությանը խոչընդոտելու եւ դրա վրա ազդելու կամ նշված գործողությունները կատարելու փորձի մեջ, 165 մարդ մեղադրվում էր ոստիկանության սպաների կամ աշխատակիցների վրա հարձակման կամ նրանց դիմադրություն ցույց տալու մեջ, վեցը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակման եւ նրանց տեխնիկական միջոցներին եւ սարքավորումներին վնաս պատճառելու մեջ: Այս մարդկանցից ոմանք մեղադրվում են միանգամից մի քանի ապօրինի գործողություններ կատարելու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Արդարադատության նախարարությունում նշել են, որ նրանց հասարակության աջակցությունն է անհրաժեշքտ՝ պարզելու եւս 300 մարդու, ովքեր կասկածվում են հունվարի 6-ին Ամերիկայի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում բռնի գործողություններ կատարելու մեջ:
Նախարարությունում հայտնել են, որ նշված 535 մարդկանցից հարձակման մոտ 10 մասնակից իրենց մեղավոր են ճանաչել իրենց առաջադրված մի շարք մեղադրանքներում:
Հունվարի 6-ին այն ժամանակ երկրի ղեկավար, հանրապետական Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կոնգրեսի շենք՝ կանխելու նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը, որոնցում հաղթել էր դեմոկրատ Ջո Բայդենը: Բուն շենքի ներսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանությունը կրակել ու սպանել էր մի ցուցարարի: Բացի այդ, արձանագրվել էր եւս երեք միմյանց հետ կապ չունեցող մահվան դեպք, որոնք որակվել էին որպես բժշկական բնույթի: Բախումներից հետո մահացել էր Կապիտոլիումի ոստիկանության մի սպա:





























